25.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց
prev Նախորդ նորություն

Արցախում մենք տեսնում ենք իրական ժողովրդավարություն և խոսքի ազատություն. Եվրոպացի դիտորդներ

Այստեղ մենք տեսնում ենք իրական ժողովրդավարություն և խոսքի ազատություն: Այս մասին նախօրեին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) նախկին պատգամավոր Ինակի Ֆերնանդես Իրազաբալբեիտան, ով Արցախ է ժամանել դիտորդական առաքելություն կատարելու նպատակով:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև Իսպանիայի և Բասկերի երկրի խորհրդարանների նախկին անդամ Ռաֆա Լարեյնան, Բասկերի Ազգայնական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Խոսե Մարի Էտչեբերիան և Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա Լոպես դա Լակալան:

Վերջինս, ներկայացնելով իր դիտարկումները հանրաքվեի ընթացքում, նշել է, որ օրվա ընթացքում եղել է 14 ընտրատեղամասում և ականատես է եղել գործող ժողովրդավարության:

«Այստեղ կան ժողովրդավարական տարրեր և արժեքներ, որոնք մեզ մոտ բացակայում են: Ես հիացած եմ հատկապես Սահմանադրության նախագծի 36-րդ հոդվածով, որտեղ նշվում է, որ եթե զավակը վճարունակ է, ապա պարտավոր է հոգ տանել իր ծնողների մասին: Դրանք վեհ արժեքներ են, որոնք, ցավոք սրտի, մեզ մոտ իսպառ վերացել են», - ընդգծել է Լորենա Լոպեսը:

Բասկերի Ազգայնական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Խոսե Մարի Էտչեբերիան, ով առաջին անգամ է Արցախում, կարևորել է այն փորձը, որն այս օրերի ընթացքում կուտակել է Լեռնային Ղարաբաղում.

«Ես այսօր հասկացա՝ կապ չունի բնական ռեսուրս ունես, թե ոչ, հարուստ ես, թե ոչ, կարևորը կայունությունն է համոզմունքներում և արժեքներում, ինչը դուք ունեք: Չնայած այդքան զրկանքներին ու կորուստներին՝ դուք չեք կորցրել ձեր ինքնությունը և տնօրինում եք ձեր ճակատագիրը: Մենք պատրաստակամ ենք օգնելու ձեզ ինքնորոշման իրավունքը պաշտպանելու գործում»,-նշել է Խոսե Մարի Էտչեբերիան:

Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ յուրաքանչյուր նման միջոցառում՝ լինի հանրաքվե կամ ընտրություն, քաղաքական քննություն են երիտասարդ պետության համար: Նա նաև հեռանակարային է գնահատել Բասկերի երկրի հետ հետագա համագործակցությունը:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 79 314 ընտրող` ընտրողների 76.44 տոկոսը: