25.11.2024
Նոր սահմանադրությունը բարձրացնելու է Արցախի՝ մարտահրավերներին դիմակայելու պատրաստվածությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ զինված ուժերն ապաքաղաքական են, միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու. ՀՀ նախագահ

Նախընտրական շրջանում մեր երկրում տեղի են ունենալու սուր բանավեճեր, երբեմն կարող են հնչել նաև չափազանցված և բորբոքված ելույթներ: Կլսենք նաև խոստումներ, որոնք երբեք չեն իրականանալու, քանզի ամենամեծ ստերը հնչում են ընտրություններից առաջ և որսից հետո: Այս մասին այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բայց կարևորը դա չէ, կարևորն այն է, որ մենք նախորդ տարիների փորձից գիտենք, որ Ադրբեջանը նման դեպքերում սովորաբար աշխուժացնում է իր հակահայկական ձեռնարկները միջազգային կազմակերպություններում, երբեմն նաև փորձում է սադրանքների դիմել առաջնագծում: Նրանց կողմից նման վարքի որոշ ախտորոշումներ արդեն նկատելի են», - հայտարարել է նախագահը:

Սերժ Սարգսյանն ընգծել է, որ լիովին համոզված է Հայաստանի քաղաքական համակարգի կայունության մեջ: Որքան էլ սուր քննարկումներ տեղի ունենան, դրանք, ըստ նրա, չեն խաթարելու մեր հանրային անդորրը: Նման սուր քննարկումներն ու բանավեճերը գալու են վկայելու մեր ուժը՝ Հայաստանի հասարակության ինքնակազմակերպման բարձր աստիճանը և որակը:

«Հատուկ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են և ապաքաղաքական: Այո՛, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը: Սակայն նախընտրական քարոզչության և իր պաշտոնական լիազորությունների իրականացման որևէ խաչաձևում չի լինելու: Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են», - հայտարարել է նա:

Սերժ Սարգսյանը նաև շեշտել է, որ որպես պետություն ունակ ենք կազմակերպելու և անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնք վայելելու են հայ հասարակության և ժողովրդի վստահությունը: Նաև վստահություն հայտնել, որ հենց այդպիսի արդյունքներ են արձանագրելու հրավիրված միջազգային կազմակերպությունների դիտորդ ներկայացուցիչները:

«Ադրբեջանում ոմանք պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և իրենց կարճ խելքով՝ խոցելի: Հենց այդ պատճառով ձեզնից այս ժամանակահատվածում ակնկալում եմ առավելագույն զգուշություն: Վստահ եմ, որ մեր զինվորականները՝ շարքայինից մինչև ամենաբարձրաստիճան սպան, գալիք խորհրդարանական ընտրությունների շրջանում լինելու են զգոն ու աչալուրջ, պատրաստ կանխելու հակառակորդի յուրաքանչյուր դավադիր ծրագիր», - հավելել է ՀՀ նախագահը:
Հիշեցնենք, Ազգային Ժողովի ընտրությունները կայանալու են ապրիլի 2-ին: