Երևանը կոչ է արել Բաքվին խաղաղության հասնելու գործում արհեստական խոչընդոտներ չստեղծել
Հայաստանը հավատարիմ է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` առցանց ձևաչափով ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 48-րդ նիստին:
«Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, որի սահմանները Արևելքից և Արևմուտքից ավելի քան երեք տասնամյակ շրջափակման մեջ են՝ Հայաստանը լիովին գիտակցում է միջազգային իրավունքի վրա հիմնված՝ ներառական և հավասար տարածաշրջանային և միջսահմանային հաղորդակցության խթանման կարևորությունը
Այս ընկալմամբ է, որ մեր երկիրը կառուցողականորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հիման վրա՝ հարգելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունն ու իրավազորությունը, ինչպես նաև առաջնորդվելով հավասարության և փոխադարձության սկզբունքներով՝ համաձայնեցված 2023 թվականի մայիսին և հուլիսին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից։
Հայաստանն անկեղծորեն հանձնառու է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել բանակցությունները և ստորագրել Համաձայնագիրը, և մենք կոչ ենք անում Ադրբեջանին փոխադարձելու այս կառուցողական մոտեցումը՝ զերծ մնալով արհեստական խոչընդոտներ ստեղծելուց։
Հայաստանը նաև հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային սահմանների վերաբացման հանձնառությանը։ Այս առումով մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, ներկայիս դրական ընթացքը պահպանելու և առաջ շարժվելու նպատակով՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանի», - ասել է Կոստանյանը: