Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրված են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. Ջեյմս Օ՛Բրայեն
Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրված են ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների մակարդակով գագաթնաժողովին, որը տեղի կունենա Վաշինգտոնում։ Այս մասին հունիսի 28-ին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, գրում է Report.az-ը։
«Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը կմասնակցեն 30 գործընկեր երկրներ»,- նշել է Օ’Բրայենը։
Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։
«Հուսով եմ, որ արտգործնախարարները հնարավորինս արագ հանդիպելու հնարավորություն կգտնեն։ Եթե դա տեղի ունենա Վաշինգտոնում, մենք ուրախ կլինենք հյուրընկալել նրանց, բայց կան հաղորդակցության այլ ուղիներ, և երկու կողմերն էլ պահպանում են արդյունավետ անմիջական շփումը»,- հավելել է Օ’Բրայենը:
Պետքարտուղարի օգնականը մեկնաբանել է նաև հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքները՝ նշելով, որ «յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք»։
«Մենք լսել ենք, որ Հայաստանը զենք է գնում Ֆրանսիայից։ Յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես աշխատում է այս ուղղությամբ։ Սա ցուցիչ է, որ կա փոխվստահության խնդիր, ինչը հասկանալի է, քանի որ հակամարտությունը գոյություն ունի արդեն 30 տարի»,- ասաց նա։