Առաջիկայում Հայաստանի հետ ուղիղ չվերթներ կարող են բացվել. Չինաստանի դեսպան
Հայաստանում Չինաստանի դեսպան ֆան Յոնը լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթների մոտալուտ մեկնարկի մասին: Նա նաև հայտարարել է, որ երկրները կարող են համաձայնության գալ վիզաների փոխադարձ չեղարկման վերաբերյալ։
Ֆան Յոնը նշել է, որ այս հարցերի շուրջ ակտիվ աշխատանքներ են տարվում, և քննարկումը տեղի է ունեցել օրեր առաջ՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի Չինաստան կատարած այցի ժամանակ:
Դիվանագետն ընդգծել է, որ այս քայլերը զգալիորեն կամրապնդեն երկու երկրների միջև համագործակցությունն ու կապերը՝ հեշտացնելով ճանապարհորդությունները և նպաստելով զբոսաշրջության և բիզնեսի զարգացմանը:
Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Չինաստանը Հայաստանի հետ առևտրի ծավալներով զբաղեցնում է երրորդ տեղը՝ հասնելով 1,03 մլրդ դոլարի ցուցանիշի։ 2024 թվականի առաջին չորս ամիսներին Չինաստանի հետ առևտուրն աճել է 61%-ով։
Հատկապես նկատելի է Հայաստանից Չինաստան արտահանման աճը, որն աճել է 4,4 անգամ՝ հասնելով 588 մլն դոլարի, մինչդեռ ներմուծումը կրճատվել է 12 տոկոսով ՝ հասնելով 445 մլն դոլարի։