Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակցությունը. ԱԳՆ
Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին իր մասնակցությունը:
Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը ստացել է ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը և եթե այո, ապա ո՞րն է Հայաստանի պատասխանը, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը: Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»,- նշել է Բադալյանը։
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Ադրբեջանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում։
Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը։