23.11.2024
Փաշինյանի «թեորեմների» հետքերով
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է ծանր հետևանքներ առաջացնել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է առաջացրել արցախյան քաղաքական շրջանակներում։ Նրանք կարծում են, որ Ալիեւի ռեժիմը` սպառնալիքների ներքո, նրան պարտադրել է հայտարարություններ անել, որոնք կարող են ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Օրինակ, պաշտոնական Բաքուն, Արցախի նախկին նախագահի որոշ խոսքերի հիման վրա, կարող է փորձել, որ Հայաստանն ագրեսոր ճանաչվի՝ որպես արցախյան պատերազմների եւ հողեր ազատագրելու պատասխանատու։ Նշենք, որ հարցազրույցի անոնսը տարածվել է մի քանի օր առաջ, հարցազրույցն ամբողջությամբ կցուցադրվի մարտի 28-ին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պատգամավորներին թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը։ Մասնավորապես, նման վիճակում է հայտնվել Արցախի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը, ու նրան «Զվարթնոց» օդանավակայանից հետ են ուղարկել եւ արգելել են հատել ՀՀ սահմանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ պատճառը կապված է կոնկրետ քրեական գործի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արցախի ԱԺ պատգամավորները հերթով հրավիրվում են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները ԱՀ խորհրդարանականներին հարցնում են Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառների մասին՝ հետաքրքրվելով, թե ով կարող էր նրան ստիպել հրաժարական տալ։ Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ օրս հարցաքննվել են Արցախի իշխանական թեւի պատգամավորները՝ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի «Ազատ հայրենիք – ՔԴՄ» խմբակցության պատգամավորները: Այս տեղեկությունները փորձեցինք պարզել անձամբ Արցախի պատգամավոր Գեղամ Ստեփանյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մենք անդրադարձել ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Արցախի խորհրդարանի կատարած փոփոխությանը, համաձայն որի՝ այն արցախցիները, ովքեր ուզում են այսօր ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան վերցնել: Հատկապես որ ոմանք չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ շարունակել կուտակել կենսաթոշակային ֆոնդերում, որ «արժանապատիվ ծերություն» ունենան: Գրել էինք, որ պատկան կառույցը՝ ԿԲ-ն, որը պետք է կազմակերպեր այդ գործընթացը, ձեռքերը լվացել է։ Մեր հարցին էլ պատասխանել էին, թե խնդիրն իրենց իրավասության տիրույթում չէ։ Տեղեկացանք, որ Արցախի քաղաքական վերնախավը դիմել է ԿԲ-ին` առաջարկելով կարգ մշակել, որով կվերադարձնեն արցախցիների գումարները՝ 2019-23 թթ․ կուտակած։ ԿԲ-ն պատասխանել է, որ կառավարության հետ պետք է համաձայնեցնի հարցը, եւ դիմել է արցախցիների հարցերով զբաղվող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին: Օրեր անց ստացել են պատասխան, որ այդ հարցով շրջաբերական է ուղարկվել կառավարության բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, եւ մեծամասնությունը կողմ չէ այդ գործընթացին։ Մենք օրերս խնդրի վերաբերյալ գրավոր հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմին, որը հասցեագրվել է ֆինանսների նախարարությանը։ Հուսանք, որ պատասխանում կներկայացնեն մերժման պատճառները։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նախկին նախագահի բնակարանի խուզարկության գործընթացից: Մասնավորապես, նրա տուն առավոտյան 9։30-ի սահմաններում գնացել են Հակակոռուպցիոն կոմիտեի 4 աշխատակիցներ ու սկսել են խուզարկությունը։ Բնակարանից տարել են հեռախոսներ, ԲԴԽ նախկին նախագահի տան անդամների համակարգիչները, ու դեռ ավելին՝ կոմիտեի մեր աղբյուրների պնդմամբ՝ ողջ խուզարկությունը տեսանկարահանվել է: Վաղ առավոտից սկսված խուզարկությունը ավարտվել է 17։00-ին։ Ասել է թե՝ մոտ 8 ժամ Վարդազարյանի բնակարանը, առանձնատունը, ավտոտնակը խուզարկելուց հետո այդպես էլ իրավապահները չեն գտել ցանկալի ձայնագրությունը։ Նշենք, որ երեկ Հակակոռուպցիոն դատարանում Ռուբեն Վարդազարյանը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել իր տան խուզարկության վերաբերյալ, միայն նշեց, որ այն, ինչ փնտրել են, չեն գտել: Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ում Նիկոլ Փաշինյանի հրամանով ԱԱԾ-ն ՀՀ-ում անցանկալի անձ էր ճանաչել, պատմել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած վերջին այցի ժամանակ Մակրոնի, իր եւ Փաշինյանի միջեւ խոսակցություն է եղել, եւ վերջինս Մուրադ Փափազյանին խոստացել է, թե ԱԱԾ-ին կասի, որ չբողոքարկեն վարչական դատարանի վճիռը, որը հօգուտ Փափազյանի է կայացվել։ Վարչական դատարանը բավարարել էր Մուրադ Փափազյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի եւ պարտադրել վերացնել պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին որոշումը։ Նույնկերպ վարչական դատարանը բավարարել էր նաեւ սփյուռքահայ դաշնակցականներ՝ հայր եւ դուստր Մասիս եւ Սյունե Աբրահամյանների հայցադիմումները։


Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ԱԱԾ՝ հարցնելով, թե պատրաստվո՞ւմ են բողոքարկել հօգուտ Փափազյանի կայացված վճիռը, որպեսզի հասկանայինք՝ ԱԱԾ-ն կատարե՞լ է Փաշինյանի հրահանգը, թե՞ ոչ։ ԱԱԾ-ից այնպիսի պատասխան ենք ստացել, որը վկայում է, որ ԱԱԾ-ն հենց Փաշինյանի հրահանգներն է կատարում։ Այս պարզ ու անմեղ հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասել են, թե մեր պահանջած տեղեկությունը Մուրադ Փափազյանի անձնական կյանքին է վերաբերում, ուստի «չեն կարող պատասխանել»։ Փափազյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան ասաց, որ ԱԱԾ-ն Փափազյանի օգտին կայացված վճիռը չի բողոքարկել, բայց բողոքարկել է Սյունե եւ Մասիս Աբրահամյանների օգտին կայացված վճիռները, թեեւ ԱԱԾ-ն բոլորի գործերով էլ դատարան ոչ մի հիմք չէր ներկայացրել, եւ իրավիճակը միանման էր։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում խոր հիասթափություն կա արտգործնախարար Արարատ Միրզոյանից, որին թիմում ոմանք դիտարկում էին որպես Փաշինյանին փոխարինող՝ իր ինքնուրույնության եւ սկզբունքների շնորհիվ։ Սակայն Միրզոյանը կուսակցական վերջին հավաքներին իր դիրքորոշումներով եւ պահվածքով հիասթափեցրել է ՔՊ-ականներին։ Մեր աղբյուրի պատմելով՝ Արարատ Միրզոյանն իր բոլոր քայլերը համաձայնեցնում է Փաշինյանի հետ եւ հակադրվելու փորձեր էլ չի անում՝ անգամ այն հարցերում, որոնց վերաբերյալ իր անհամաձայնությունը չի թաքցնում նեղ միջավայրում։ Պատմում են, որ, դիցուք, Միրզոյանն էլ է դեմ, որ Հայաստանն Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխի, առավել եւս՝ Անկախության հռչակագրին հղումը հանվի։ Տարեսկզբյան իր ասուլիսում նա զգուշորեն ակնարկել էր այդ մասին՝ պատասխանելով  հարցին, թե Սահմանադրությո՞ւնն է խաղաղության գործընթացի արգելակման պատճառը․ «Ամենեւին ոչ»: Սակայն ներքին քննարկումներում լռում է` վախենալով հակադրվել «առաջնորդին»։ Ի դեպ, ԱԳ նախարարն առաջիկա օրերին հյուրընկալվելու է ՔՊ խմբակցությունում՝ փակ հանդիպման ձեւաչափով։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները հաջորդ շաբաթ կգնան խորհրդարան: Մարտի 19-ին մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, լինելու է նաեւ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Նախագիծն անձամբ զեկուցելու է Նիկոլ Փաշինյանը:  Կառավարության զեկույցը բաղկացած է լինելու մի քանի բաժիններից՝ Անվտանգություն, ԼՂ-ի բռնի տեղահանվածներին աջակցության վերաբերյալ հարցեր, Արտաքին քաղաքականություն՝ ներառյալ Հայաստան- Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-ՌԴ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Իրան, Հայաստան-ԵՄ եւ այլ երկրների հետ հարաբերությունների մասին զեկույց, Սփյուռքի հետ կապեր, Պաշտպանություն, Կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն: Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, ըստ էության, իրենից ներկայացնում է անցնող 2023թ.-ին տարբեր ոլորտներում արված աշխատանքի, ինչպես նաեւ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքների ամփոփում:


Ինչպես զեկույցի մակագրությունից երեւում է, այն կազմել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ուսումնասիրելով զեկույցը՝ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի դրվագներ է առանձնացրել: Օրինակ՝ Արայիկ Հարությունյանի կազմած զեկույցից տպավորություն է, որ Արցախի հայաթափման հարցում մեղավոր են բացառապես ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը, իսկ Հայաստանը՝ որպես ԼՂ անվտանգային երաշխավոր, որեւէ պարտավորություն չուներ, ագրեսոր Ադրբեջանը՝ որեւէ մեղավորություն չունի ԼՂ հայաթափման հարցում։


«2020, 2021, 2022 թթ. պատերազմական իրադարձություններից հետո, երբ ՀԱՊԿ-ն անարդյունավետ գտնվեց, Լեռնային Ղարաբաղում (այսուհետ՝ ԼՂ) տեղակայված Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ ՌԴ) խաղաղապահ զորախումբն ի վիճակի չեղավ կանխելու Լաչինի միջանցքի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մեկնարկած ապօրինի շրջափակումը, ապա եւ 2023 թվականի սեպտեմբերին՝ հայերի բռնի տեղահանումը ԼՂ-ից, Կառավարությունն անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու որոշում է կայացրել», – նշված է կառավարության զեկույցում: Կառավարությունն այս զեկույցում նաեւ «խոստովանել է», որ նախորդ տարի Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներն անարդյունավետ են եղել, կամ, իրենց ձեւակերպմամբ, «հարաբերություններում էական առաջընթաց ապահովել չի հաջողվել»: Կառավարության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով մեկ շաբաթում բռնի տեղահանվել է ԼՂ-ում բնակվող ավելի քան 100 հազար հայ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների՝ ՀՀ պետական բյուջեի հիմնական ցուցանիշները 2024 թվականի հունվարին ունեցել են հետեւյալ տեսքը՝ պակասուրդ՝ 68 մլդ դրամ, ծախսեր՝ 116 մլդ դրամ, եկամուտներ՝ 184 մլդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ եկամուտները եւ պակասուրդը նվազել են, սակայն բարձրացել է ՀՀ պետական բյուջեի հաշվին ծախսերին հատկացվող ֆինանսական միջոցների սանդղակը գրեթե 23 միլիարդով։ Ահա թե որն է պատճառը՝ ինչու են Հարկային օրենսգրքում փոփոխություններ արվում, բաց եւ թափանցիկ են դարձնում բանկային գաղտնիքը, որպեսզի հետեւեն բոլորի ֆինանսական ելքերին եւ մուտքեին։ Ահա թե ինչու է պետությունը հարկում նույնիսկ փողոցով անցնողին, որպեսզի հոգա պետության աստղաբաշխական եւ անհիմն ծախսերը, որոնք հաճախ «պոզով-պոչով» կոռուպցիայի աղբյուր են դառնում։ Ստացվում է, որ քաղաքացուն «տուգանքի մատերիալ» սարքող իշխանության նպատակն է հարկել հպարտ քաղաքացուն եւ հոգալ իրենց բարեկեցության ծախսերը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ 2018 թվականին, երբ ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը, հայտարարեց, որ իրենց նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, բայց եւ ոչ մեկ չի խուսափի պատասխանատվությունից: 2020 թ. մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, ընթերցեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 79-րդը հետևյալն էր․ «Վերջին տարիներին դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը շարունակում է նվազել. Մասնավորապես, 2017 թվականին դատապարտվածների թիվը եղել է 2410, 2018 թվականին՝ 1963, իսկ 2019 թվականին՝ 1556 հոգի»։


Սակայն Նիկոլ Փաշինյանի նույն այդ ելույթի տարում, Հայաստանում ազատազրկվածների թիվը կտրուկ աճեց։ Մասնավորապես, Ժողովուրդ օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներից պարզեց, որ իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բանտերը լցվել են պատկերը հետևյալն է


• 2018թ․ – 1963
• 2019թ․ – 1556
• 2020թ․ – 1954
• 2021թ․ – 2171
• 2022թ․ – 2018


Ի դեպ, նույն պաշտոնական տվյալներով՝ 2019-2022 թվականներին Հայաստանում մահացել է 68 ազատազրկված անձ:


Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ,,Վերջին տարիներին դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը շարունակում է նվազել. Մասնավորապես, 2017 թվականին դատապարտվածների թիվը եղել է 2410, 2018 թվականին՝ 1963,,: Սակայն նրա պաշտոնավարման օրոք բանտերը լցվեցին մարդկանցով


• 2018թ․ – 1963 ազատազրկված
• 2019թ․ – 1556 ազատազրկված
• 2020թ․ – 1954 ազատազրկված
• 2021թ․ – 2171 ազատազրկված
• 2022թ․ – 2018 ազատազրկված»: