Մամուլի տեսություն. ՀՀԿ-ականները փորձում են ԱԺ ընտրություններում համամասնական ցուցակում իրենց մարդկանց ներդնել
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կարկառուն ՀՀԿ-ականները փորձում են 2017 թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց մարդկանց ներդնել: Հիշեցնենք, որ հաջորդ ԱԺ-ում կանանց քանակը պետք է կտրուկ ավելանա, և ցուցակների յուրաքանչյուր 4-րդը պետք է կին լինի: Եվ ՀՀԿ-ական պաշտոնյաները, հատկապես ԳՄ անդամներն աշխատում են իրենց աշխատակցուհիներին կամ իրենց հավատարիմ համարվող կանանց ներմուծել այդ ցուցակ: ՀՀԿ-ականները վստահեցնում են, որ, օրինակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցանկանում է համամասնական ցուցակ մտցնել իր օգնական
Մարիա Բաղրամյանին, որը նախկինում քաղաքապետարանի տուրիզմի վարչության աշխատակից էր: Համամասնական ցուցակով պատգամավոր է ցանկանում դառնալ նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ
Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, որը ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է»:
«168 ժամ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ 2016 թվականի հունվար-նոյեմբերին օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է 968626 մարդ։ Այդ թվում՝ 963309-ը մեկնել են «Զվարթնոց» օդանավակայանից, 5317-ը՝ «Շիրակ» օդանավակայանից։ Նույն ժամանակահատվածում օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 957787 մարդ։ Այդ թվում 953219-ը ժամանել են «Զվարթնոց» օդանավակայան, 4574-ը՝ «Շիրակ» օդանավակայան։
Այսպիսով, տարվա առաջին 11 ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) կազմել է 10839 մարդ։ Հունվար-հոկտեմբերին բացասական սալտոն ավելի մեծ էր՝ -23813 մարդ (889714 մեկնում, 865901 ժամանում)։ Այսինքն, միայն նոյեմբեր ամսին օդային ճանապարհով Հայաստան ժամանողների թիվը մոտ 13 հազարով գերազանցել է ժամանողների թվին (մեկնել է 78912 մարդ, ժամանել է 91886 մարդ)։ Սա, ամենայն հավանակությամբ, պայմանավորված է սեզոնայնությամբ։ Նոյեմբերին և հատկապես դեկտեմբերին արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիները ժամանակավորապես վերադառնում են Հայաստան՝ Ամանորը այստեղ անցկացնելու համար։
Միգրացիոն հոսքերի վերաբերյալ առավել ամբողջական պատկեր տրամադրում է ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը, որը բացի օդայինից՝ ներկայացնում է նաև ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհով սահմանահատումների վիճակագրությունը։ ՄՊԾ տվյալները, սակայն, համեմատաբար հին են և վերաբերում են 2016 թվականի հունվար-սեպտեմբերին։ Ըստ այդ տվյալների՝ 2016 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) կազմել է -86,7 հազար մարդ»: