Հրապարակվել է բուհերի ցանկը, որոնց վճարովի համակարգում ընդգրկված են ԼՂ սովորողներ
Համաձայն ՀՀ կառավարության 2023թ․ դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման 4-րդ կետի՝ հրապարակվել է այն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում։
Ուսման վարձի փոխհատուցում տրամադրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար․
1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից,
2) 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50%-ից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում: