27.11.2024
Կառավարությունը հստակեցնում է պետգույքի մասնավորեցմանը ենթակա առևտրային կազմակերպությունների ցանկը
prev Նախորդ նորություն

Չինական «GSAFETY» ընկերությունը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական «GSAFETY» ընկերության պատվիրակությանը` ընկերության կառավարման խորհրդի անդամ Սյուե Հայլունի գլխավորությամբ:

Զրուցակիցները քննարկել են տրանսպորտի ոլորտում անվտանգության համակարգերի ներդրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «Խելացի քաղաք» նախագծի մշակման և այն Հայաստանի քաղաքներից մեկում ներդնելու հնարավորություններին:

Սյուե Հայլունը ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները և պատրաստակամություն հայտնել գործակցություն ծավալել նաև հանրային տրանսպորտի կառավարման և երթևեկության անվտանգությանը վերաբերող համակարգերի ներդրման գործում:

Վարչապետը ողջունել է չինական կողմի՝ մեր երկրում ներդրումային ծրագրերին ներգրավելու պատրաստակամությունը և նշել, որ «GSAFETY»-ի համար Հայաստանը կարող է լավ հարթակ հանդիսանալ նաև ԵԱՏՄ շուկա դուրս գալու գործում: Կառավարության ղեկավարն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ ավելի առարկայական քննարկել փոխգործակցության հնարավոր ոլորտներն ու ծրագրերը: