26.11.2024
Էդուարդո Էռնեկյանը շարունակելու է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացումը
prev Նախորդ նորություն

Պարտադիր վճարը կպահպանվի՝ աշխատող ՀՀ քաղաքացիներից ամսական կգանձվի 1000 դրամ

ՀՀ աշխատող քաղաքացիները ամսական կվճարեն 1000 դրամ իրենց աշխատավարձից հօգուտ զինծառայողների հիմնադրամի: Այսպիսով խոսակցությունները, թե պայմանական անուն կրող «1000 դրամի նախագծում» վճարի պարտադիր սկզբունքը կվերացվի և օրենքը նոր Ազգային Ժողովում կդրվի երկրորդ ընթերցման իրականությանը չեն համապատասխանում:

ԱԺ պաշտպանության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր վճարը կպահպանվի «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծում: Ըստ Սարգսյանի՝ նախագծում տեղ չի գտել պատգամավորներից մեկի առաջարկը, որ վճարը գանձվի ըստ աշխատավարձի չափի՝ բոլորից գանձվելու է հավասարապես 1000 դրամը, թեև օրենքն ամրագրում է նաև կամավորության սկզբունքով վճարումներ կատարելը.

«Հաշվի առնելով այս օրերին հնչած առաջարկները, մենք լուրջ աշխատանք ենք կատարել կամավոր վճարումների համակարգը խթանելու համար: Մեկը մյուսին չի բացառում, այլ գալիս է լրացնելու: Մեր ակնկալիքն է, որ հիմնադրամն իր աշխատանքի միջոցով կարողանալու է ապահովագրել ավելի մեծ գումարների ստացում, որը հնարավորություն կտա հետադարձ ուժով նախկինում տեղի ունեցած դեպքերին անհատական վերաբերմունք ցույց տալ»,- ասաց նախարարը:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը պնդեց՝ շարունակում է մնալ այն կարծիքին, որ օրենքում պետք է գործի կամավորական սկզբունքը և նվազագույն աշխատավարձ ստացողները, ինչպես նաև 200 հազար դրամից ավելի ցածր ստացողներից այդ 1000 դրամը չպետք է գանձվի:
Վիգեն Սարգսյանը կրկնեց՝ պարտադիր բաղադրիչը կպահպանվի, իսկ կամավորության սկզբունքը ավելի շատ բարոյական դաշտին է վերաբերում.
«Հաշվի առնելով մեր առջև դրված խնդիրը՝ զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը, մենք նպատակահարմար ենք գտնում պահպանել այն մոտեցումները, որ կան օրենքի նախագծում և պահպանել պարտադիրի սզբունքը»,- ընդգծեց նա:

Նախարարը նաև նշեց, որ մինչ օրենքի ուժի մեջ մտնելը հիմնադրամը կատարված դեպքերի համար կփոխհատուցի առկա ֆինանսական հնարավորություններից ելնելով:

Նշենք, որ հիմնադրամը տարեկան ակնկալում է հավաքագրել 4,5 մլրդ դրամ գումար:

Հիշեցնենք, նոյեմբերին Ազգային Ժողովը մի քանի օր բուռն քննարկումներից հետո կողմ քվեարկեց օրենսդրական փաթեթին, որը նախատեսում է աշխատող ՀՀ քաղաքացիներից ամսական 1000-ական դրամ հավաքագրել զոհված զինծառայողների և հաշմանդամ զինծառայողների աջակցության հիմնադրամին: