26.11.2024
Բակո Սահակյանն ասել է, թե երբ Արցախի Սահմանադրության նախագիծը կդրվի հանրաքվեի
prev Նախորդ նորություն

Էդուարդո Էռնեկյանը շարունակելու է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացումը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Կարեն Կարապետյանը նշել է, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, և կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը:

Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարբեր ոլորտներում նոր նախագծերի հեռանկարների շուրջ: Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են Արմավիրի մարզում արևային էլեկտրակայանի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջության խթանման, Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու նաև տեղեկացրել, որ կառավարությունն ստեղծում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը ծառայելու է որպես հարթակ պետություն-մասնավոր հատված համագործակցության ներքո համատեղ ծրագրերի կյանքի կոչման համար:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է ներդրողների, գործարարների հետ մշտական հետադարձ կապն ու բաց է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու և հարմարավետ բիզնես միջավայր ձևավորելու համար:

Ողջունելով կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ պարոն Էռնեկյանը նշել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը, և միաժամանակ պատրաստակամություն հայտնել իր ներկայացուցչի միջոցով ներգրավվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքներում: