VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում խոր, բայց դեռ լուռ անհամաձայնություն կա Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ: Միմյանց հետ խոսակցություններում քննադատում են Փաշինյանի եւ նրա հակառուսական թիմին, բայց դեռ որեւէ բան բարձրաձայն չեն ասում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ վարչության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ակտիվորեն հակառուսականության թեզ առաջ քաշել ու հանրությանը «վախեցնել», թե նախկինները ուզում են Ռուսաստանի օգնությամբ իշխանության վերադառնալ: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը գծագրել է, որ հանրությանը պետք է բացատրել՝ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է Հայաստանում իշխանության բերել նախկիններին, իսկ եվրոպական, ամերիկյան ուժերի հետ զրույցներում ՔՊ պաշտոնյաները հստակ մեսիջներ են տալիս, թե պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին, քանի որ հակառակ դեպքում Հայաստանը կունենա նոր իշխանություն, որը կտանի երկիրը դեպի ռուսական դաշտ: Ահա այսպես «նախկին թալանչիների» թեման ռեբրենդինգ է արվել, եւ խոսվում է այն մասին, որ նախկինները եւ ռուսական ուժերը ուզում են Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը խլել: Քանի որ Արցախի Հանրապետության ընկնելուց հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունները շատ են խորացել, պետք է նկատել, որ Փաշինյանի հերթական թեզը կարող է աշխատել: Այլ հարց է, որ հակառուսականության հետեւողական խորացումը կարող է ճեղքում մտցնել նաեւ հենց ՔՊ թիմում, որովհետեւ մեզ այդպիսի ահազանգեր հնչեցնում են հենց ՔՊ-ականները, ընդ որում՝ ոչ շարքային:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչների մի խումբ սոցիալական ծանր խնդիրների առջեւ է կանգնել։ Խոսքը հատկապես Արցախի ԱԺ պատգամավորների, նախարարների եւ բոլոր այն պաշտոնյաների մասին է, որոնք դե ֆակտո պահպանում են իրենց պաշտոններն ու կարգավիճակը, բայց չեն վարձատրվում, քանի որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է աշխատավարձ տալ եւ սառեցրել է Արցախի պետական հաստատություններին հատկացվելիք բյուջեն։ Մի կողմից, քաղաքական ֆակտորը՝ Արցախի պետական ինստիտուտները չլուծարելու հետ կապված, մյուս կողմից՝ պետական ոչ բավարար աջակցությունը, ծանր կացության առաջ են կանգնեցրել տեղահանվածներին։ Նրանք չեն կարող նոր աշխատանքի անցնել Հայաստանում, դրանով կփաստեն, որ հանձնվում են, պահանջատեր չեն ԱՀ պետական ինստիտուտները պահելու հարցում, բայց պետության տրամադրած գումարները չեն բավարարում տան վարձակալության եւ համեստ կենցաղի համար։ Ի դեպ, որոշ համակարգերում, մասնավորապես` ոստիկանությունում, արցախցիներին աշխատանքի չընդունելու պաշտոնական բացատրություններից մեկն էլ այն է, որ նրանք ՀՀ քաղաքացիներ չեն: Թեեւ բոլորն ունեն կապույտ անձնագիր, եւ տարբերությունը միայն գրանցման վայրն է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահին բնորոշ բոլոր ատրիբուտներն ու լիազորություններն ուներ, միայն լոգոն էր պակասում, սակայն շուտով այդ հարցն էլ կլուծվի։ Նախագահի աշխատակազմն այդ նպատակի համար 790 հազար դրամ է հատկացրել։ Իմաստն այն է, որ այսուհետ Վահագն Խաչատուրյանի ճամփորդությունների ու անիմաստ հանդիպումների մասին պատմող տեսանյութերը նախագահի լոգոյով տեղադրվեն կայքում։ Փաստորեն, Սահմանադրությամբ ՀՀ գլուխը հանդիսացող Վահագն Խաչատուրյանին ՀՀ պետական խորհրդանիշները չեն բավարարում, եւ նա իր կարգավիճակն ընդգծելու համար լոգոյի կարիք ունի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխականների արագ հարստանալու, նրանց ցոփ ու շվայտ կյանքի մասին խոսակցությունների աճին զուգահեռ, իշխանության ամենավերին մակարդակում որոշում է կայացվել, որ ՔՊ-ականները հնարավորինս զուսպ եւ համեստ կենցաղ պետք է վարեն: Մասնավորապես, հրահանգ է եղել երկրից մեկնելիս այլեւս օդանավերի բիզնես դասից չօգտվել, այլ՝ էկոնոմ դասից։ Այս անհարմարություններից նեղված՝ իշխանական որոշ շրջանակներում որոշել են վրեժխնդիր լինել ունեւոր խավից՝ բիզնես դասից օգտվողներից՝ հրապարակել քիչ թե շատ հանրային ճանաչում ունեցող մարդկանց եւ թիրախավորել նրանց։ ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հիմա թիրախում հատկապես արցախցիներն են՝ տարբեր կալիբրի պաշտոնյաներ, որոնք կարող են համարձակվել ինքնաթիռ նստել եւ որեւէ երկիր մեկնել։ Առհասարակ` օդանավակայանում եւ օդանավերում հայտնի անձանց նկարելու եւ սոցցանցերում` մեղադրական ստատուսներով, տարածելու ավանդույթը ՔՊ-ական դարաշրջանում ներդրվեց»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 19-ին ուշագրավ դեպք է եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այդ օրը, երբ թանգարան-ինստիտուտ է գնացել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ, պատվիրակության հետ է եղել նաեւ Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ տհաճ միջադեպ է արձանագրվել: ԱԳՆ արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, ըստ մեր աղբյուրների, Լիտվայի Հանրապետության վարչապետի ներկայությամբ միջամտել է թանգարանի տնօրենի խոսքին, ընդհատել է մի քանի անգամ, ներկայացրել թանգարանի գործունեությունը, մանրամասները: Նրանց չի զսպել անգամ Լիտվայի վարչապետի ներկայությունը, քանի որ լեզվակռիվ է սկսվել, կողմերը միմյանց վիրավորել են, նույնիսկ կա պնդում, թե նաեւ քաշքշուկ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը մի կոշտ նամակ է ուղարկել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին եւ խնդրել կարգի հրավիրել Գագիկ Վանոյանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կատարվածի շուրջ զրուցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր զանգերին: Դիմեցինք արտաքին գործերի նախարարի խոսնակ Անի Բադալյանին՝ հասկանալու համար՝ արդյոք նամակ ստացել են թանգարանից եւ ինչ բովանդակության: ԱԳՆ-ից խոստացել են պատասխանել մեր հարցադրումներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ դեկտեմբերին կայանալիք ընտրությունները կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ: Իհարկե, ընտրություն որակել այս գործընթացն այնքան էլ տեղին չէ, քանի որ ՀՖՖ նախագահ դառնում է իշխանական հովանավորություն ունեցողը միայն: Այնուամենայնիվ, իշխանական կուլիսներում տեւական ժամանակ է, ինչ հասունանում է դժգոհություն ՀՖՖ գործող ղեկավարությունից. պատճառներից մեկը հայկական ֆուտբոլի ողբալի վիճակն է, տարբեր տարիքային հավաքականների խայտառակ պարտություններն ու ազգային թիմի, մեղմ ասած, ոչ ստաբիլ խաղը։ Շոշափվող հասարակական դժգոհության աճի ֆոնին՝ ՀՖՖ ներկա նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասոցացվում է իշխանությունների հետ. նրանց ուղեկցում է տարբեր միջոցառումների ժամանակ ու լուրջ ներկայացնում կատարած աշխատանքները, որոնք այդպես էլ արդյունք չեն տալիս ու դժվար թե տան։
Մեզ փոխանցում են, որ կուլիսներում, որպես ՀՖՖ նախագահի թեկնածու, քննարկվել է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անունը: Լուրեր կան, որ նրա լոբբինգով զբաղվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս անձի թեկնածության հետագա ճակատագրի հետ կապված՝ հստակություն ներկա պահին չկա. զուգահեռ քննարկվում է նաեւ Աննա Հակոբյանի հիմնադրամի ղեկավար, Սփյուռքի կոմիտեի նախկին ղեկավար Մխիթար Հայրապետյանի անունը, ում թեկնածությունն այս պահին կարծես ավելի հավանական է։ Մեր աղբյուրները հայտնում են, որ եթե սկզբնական քննարկումներում Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել Արմեն Մելիքբեկյանին փոխարինելու գաղափարին, ապա այժմ հրահանգել է սպասել, մինչեւ տեսնեն՝ հավաքականն ինչպես կավարտի «Եվրո 2024»-ի նախընտրական վերջին երկու խաղերը՝ Ուելսի ու Խորվաթիայի հավաքականների դեմ։ Պարզ է՝ ՀՖՖ նախագահի գայթակղիչ պաշտոնի հարցը կախված է իշխանությունից, ու պարզ է նաեւ, որ այդ պաշտոնին տեղավորվելու ցանկություն ունեցողները քիչ չեն հենց իշխող թիմում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ազատվել է աշխատանքից։ Մեր հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Արշակյանին աշխատանքից հեռացրել են 2023 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի՝ մարզ կատարած այցից հետո: Սյունիքի տեղական իշխանությունները բացատրում են, թե Հակոբ Արշակյանը ալկոհոլ է հաճախ օգտագործել, դրա համար են հեռացրել, որ երիտասարդ կադր նշանակեն, բայց իրականում մեր աղբյուները փոխանցում են, որ Հակոբ Արշակյանը ազատվել է, քանի որ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ գյուղապետն իրեն պահանջված չափով իշխանահաճո չի դրսեւորել, կոպիտ է եղել, ըստ իշխանական բացատրության՝ անհարկի արտահայտություններ է արել։ Ահա դրանից հետո էլ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը որոշել է նրան ազատել աշխատանքից։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Հակոբ Արշակյանի եւ Առուշ Առուշանյանի հետ՝ բացատրություններ ստանալու, սակայն մեր զանգերը արդեն 3 օր անպատասխան են մնում։ Այնուամենայնիվ, կապ հաստատեցինք Գորիսի համայնքապետարանի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Հակոբ Արշակյանը աշխատանքից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն. ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալու»։ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկությունները շտապեց հերքել՝ ասելով, թե նման բան չկա։ Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանն էլ քաղաքական ըմբոստ դիրքորոշումների համար հանիրավի բանտարկվեց եւ բանտից դուրս գալուց հետո շարունակում է աշխատանքը որպես Գորիս համայնքի ղեկավար, բայց այլեւս քաղաքական կոշտ տեքստեր չի արտաբերում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ հեղափոխական իշխանության ներկայացուցիչների ունեցվածքը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրերը, եւ ստորեւ կներկայացնենք այն պատգամավորների ցանկը, որոնք մինչ հեղափոխությունն անտուն եւ անտանիք էին։ Հեղափոխությունից հետո, երբ արդեն ունեն ստաբիլ աշխատավարձ, գնել են բնակարաններ Երեւանի ամենաբանուկ հատվածներում եւ իրենց ծննդավայրերում։ Իհարկե, կան այնպիսիք, որ բնակարաններ գնել են ոչ իրենց անունով։ Եվ այսպես.
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան – 2019 թվականին՝ Կենտրոն վարչական շրջանում:
Հովիկ Աղազարյան – 2021 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է տան վարձավճարի փոխհատուցում:
Մաթեւոս Ասատրյան – 2021 թվականին Աջափնյակ վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:
Ռուստամ Բաքոյան – 2019 թվականին՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, հայրը՝ Նոր կյանք համայնքում, նաեւ ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:
Վիլեն Գաբրիելյան – 2022 թվականին՝ քաղաք Երեւանում:
Արփի Դավոյան – անշարժ գույքի (Երեւան քաղաքի Կենտրոնում) հիփոթեք ունի (այլ տվյալ չկա), սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:
Գայանե Եղիազարյան – 2022 թվականին՝ Երեւանում:
Արման Եղոյան – 2020 թվականին՝ Դիլիջանում, քույրը 2018թ.-ին նվիրատվություն է ստացել բնակարան Քանաքեռ- Զեյթունում:
Արսեն Թորոսյան – 2020 թվականին՝ Ծաղկաձորում, 2021 թվականին՝ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում:
Արմեն Խաչատրյան – Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա, հիփոթեք (այլ տվյալ չկա):
Հասմիկ Հակոբյան – 2019 թվականին՝ Նոր Նորք վարչական շրջանում:
Հրաչյա Հակոբյան – 2020 թվականին՝ Ջրվեժում, 2021 թվականին՝ Ձորաղբյուրում:
Վաղարշակ Հակոբյան – 2020 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:
Թագուհի Ղազարյան – 2022 թվականին՝ Երեւանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:
Սոնա Ղազարյան – 2020 թվականին՝ Առինջ գյուղում:
Վահե Ղալումյան – 2021 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:
Արուսյակ Մանավազյան – 2020 թվականին՝ Աջափնյակ վարչական շրջանում:
Էմմա Պալյան – 2022 թվականին՝ Երեւանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:
Մարիամ Պողոսյան – 2020 թվականին՝ Էրեբունի վարչական շրջանում:
Արուսյակ Ջուլհակյան – հիփոթեք (այլ տվյալ չկա):
Ռուբեն Ռուբինյան – Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ հիփոթեք (այլ տվյալ չկա):
Ալեն Սիմոնյան – 2019 թվականին՝ Կենտրոն վարչական շրջանում։
Լիլիթ Ստեփանյան – 2020 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում։
Լիլիթ Մինասյան – հիփոթեք (այլ տվյալ չկա):
Արեն Մկրտչյան – հիփոթեք (այլ տվյալ չկա), սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:
Ծովինար Վարդանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա):
Վլադիմիր Վարդանյան – հիփոթեք՝ Արաբկիր վարչական շրջանում:
Հերիքնազ Տիգրանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա):
Ահա այսպես, Պարույր Սեւակը կասեր՝ մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի… ՔՊ-ական պատգամավորները ե՛ւ բնակարան են գնել, ե՛ւ շարունակում են պետությունից տան վարձի գումար ստանալ: