26.11.2024
Վիգեն Սարգսյանը «1000 դրամ» նախաձեռնությունը քննարկել է մտավորականության հետ
prev Նախորդ նորություն

Freedom House. Հայաստանը ազատ համացանց ունեցող երկիր է

Հայաստանը ազատ համացանց ունեցող երկիր է: Այս մասին ասված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Համացանցի ազատությունը - 2016» զեկույցում: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանը երկու միավորով առաջադիմել է:

Այդպես, կազմակերպության 2015 թվականի զեկույցում Հայաստանը հավաքել էր 28 միավոր, մինչդեռ այս տարի՝ 30 միավոր: Հայաստանում համացանցի հասանելիության խոչընդոտը գնահատվել է 25-ից 6 միավոր, բովանդակության սահմանափակումները՝ 35-ից 10 միավոր, իսկ օգտատերերի իրավունքների խախտումները՝ 40-ից 14 միավոր:

Համաձայն զեկույցի՝ համացանցի տարածումը հանրապետությունում կազմում է 58 տոկոս: Միակ բացասական երանգավորումն այն է, որ ոչ ազատ է գնահատվել համացանցում մամուլի ազատությունը:

Անդրադարձ է արվել նաև այս տարվա հուլիսյան իրադարձություններին, մասնավորապես նշվել է, որ 2016 թվականին համացանցի ազատությունը հիմնականում պահպանվել է, թեև Հայաստանի ընդհանուր կարգավիճակը որոշակի հետընթաց է գրանցել՝ Երևանում բողոքի ցույցերի ժամանակ ուղիղ եթեր հեռարձակող լրագրողների վրա ոստիկանության հարձակումներից հետո:

Ինչ վերաբերում է հարևաններին, ապա Վրաստանը նույնպես ընդգրկվել է ազատ համացանց ունեցող երկրների շարումք՝ հավաքելով 25 միավոր: Ադրբեջանը ստացել է 55 միավոր՝ ընդգրկվելով մասամբ ազատ համացանց ունեցող երկրների ցանկում: Իսկ ահա Ռուսաստանն ու Թուրքիան ստացել են համապատասխանաբար 65 և 61 միավոր՝ ընդգրկվելով ոչ ազատ համացանց ունեցող երկրների ցանկում: Այդ ցանկում են նաև Եգիպտոսը, Բելառուսը, Ղազախստանը, Սուդանը, Պակիստանը և Վիետնամը:

Իսկ ահա համացանցի ազատության առաջատար հնգյակում են հայտնվել Էստոնիան, Իսլանդիան, Կանադան, ԱՄՆ-ն և Գերմանիան: