Ադրբեջանի համար մենք ո՛չ ընդդիմություն ենք, ո՛չ իշխանություն, մենք Հայաստանի Հանրապետություն ենք, և ես խնդրում եմ, որ մենք բոլորս գանք ու դրական քվեարկենք այս բարոյական, քրիստոնեական նախաձեռնությանը: Այս մասին Ազգային Ժողովում ընթացող քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հորդորելով գործընկերներին ամեն ինչում միմյանց չմեղադրել:
Հիշեցնենք, երկրորդ օրն է հայրենի խորհրդարանում բուռն քննարկվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու եւ հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց՝ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ, որի դրամական միջոցները կձեւավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ նախագիծն անչափ կարևոր է Հայաստանի, Արցախի համար, իսկ ազգային տուրքի գաղափարը խիստ բարոյական է և եկել է ժամանակը, որպեսզի թե՛ պատգամավորը, թե՛ մտավորականը և թե՛ շինարարը մտածեն, թե ինչ կարող են տալ հայրենիքին:
Որպեսզի ավելի հիմնավոր լինի իր հորդորը պատգամավորներին՝ կողմ քվեարկել նախագծին, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահը մի քանի հարցադրում հնչեցրեց, որոնցից ամենակարևորն էր այն, որ Արցախի ու Հայաստանի համար անվտանգության խնդիրները շարունակում են մնալ առաջնային.
«Անկախ տնտեսական, սոցիալական, ժողովրդավարական զարգացման միտումներից, մեր հայրենիքի կարևորագույն խնդիրը մնում է ազգային անվտանգությունը: Այդ ճանապարհը մենք չենք ընտրել, այն մեզ պարտադրվել է, ուստի մենք պարտավոր ենք ամեն ինչ անել անվտանգության համակարգի ապահովման համար, քանզի առանց ուժեղ անվտանգության համակարգի մենք չենք կարող խոսել ո՛չ տնտեսության զարգացումից, ո՛չ ժողովրդավարությունից»,– հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է քննադատությանը, որ վերաբերում է համակարգում չարաշահումներին, ՊՆ համակարգի ցոպ ու շվայտ կյանք վարող չինովնիկներին, Շարմազանովը նշեց, որ երկրում չարաշահումներ կան, բայց դա պետք չէ կապել քննարկվող նախագծի հետ.
«Չի կարելի այս մաքրամաքուր գաղափարը խառնել կոռուպցիայի հետ»,- հավելեց նա: