Ստամբուլյան կոնվենցիայի նպատակն ընտանիքի հիմքերի աննկատ, բայց հիմնովին խարխլումն է. կարծիք
44-օրյա ադրբեջանա-թուրքական պատերազմից հետո Թուրքիան որոշեց, որ Ստամբուլյան կոնվենցիան չեղարկելու ճիշտ «ժամանակն» է (ինչն արվեց 2021 թ. մարտի 19-ին), թեպետ, իբր, այդ կոնվենցիայի հետևողական ջատագովներից էր: Թուրքիայում հաշվարկեցին, որ այդ փաստաթղթի դեմագոգիկ դերը, այդ թվում՝ արտաքին գործոնի ասպեկտով, ավարտված է, և չարժե, որ ներսում ոմանք հանկարծ այն սկսեն լուրջ ընդունել և կիրառում ակնկալել: Այս մասին գրում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն ու շարունակում.
«Սակայն արտաքին ազդեցության հետագա քայքայիչ ներգործությունը երաշխավորելու խնդիրը դեռ չի սպառվել, և ահա ԵՄ Հայաստանյան ներկայացուցիչը հիշեց կոնվենցիայի գոյության մասին՝ ակնարկելով, թե «ժամանակն է», որ վավերացվի: Իսկ մենք, հաշվի առնելով երկրի հետպատերազմյան ծանր վիճակը, եզրահանգել էինք, որ տարաբնույթ ապազգային կոնվենցիաներին հակադրվելու «ժամանակը» չէ: Կարծում եմ, որ ժամանակն է չեղարկել Լանզարոտեի կոնվենցիան:
Հ.Գ. Ստամբուլյան կոնվենցիան միայն անունով է իբր միտված ընտանիքում բռնությունների կանխարգելմանը (ի դեպ, Հայաստանում արդեն իսկ գործում է համապատասխան օրենսդրական ակտ), իսկ խորքային նպատակը՝ ընտանիքի հիմքերի աննկատ, բայց հիմնովին խարխլումն է: Այդ կոնվենցիան անգամ ԵԽ անդամ պետությունների մի զգալի հատվածը չի ստորագրել, էլ չեմ ասում՝ վավերացրել ....»,- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նախօրեին հայտարարել էր, թե ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան: