Մինասյան. Իմ և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լարվածություն չկա
Իմ և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լարվածություն չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, վերջին շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ վարչապետի և Մինասյանի միջև առկա է լարվածություն, որի արդյունքում Մինասյանը, ասում էին, նույնիսկ պատրաստվում էր հրաժարական տալ:
«Չկա լարվածություն, կա բնականոն աշխատանքային գործընթաց: Եվ ես վստահ եմ, որ ՀՅԴ-ՀՀԿ ղեկավար մարմինները ունեն կամք՝ համաձայնագիրը հստակ կյանքի կոչելու համար: Թվացյալ լարվածությունը առանձին հատվածների ցանկությունն է»,- շեշտեց նա:
Մինասյանի խոսքով, իր հրաժարական տալու խնդիր չկա: Այս պահին, նշեց նա, ինքը նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է և շարունակելու է այնքան ժամանակ, քանի չի եղել նոր հրամանագիր: Միևնույն ժամանակ նա նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր փոխարեն կառավարությունում այլ անձի է տեսնում:
«Այո, պարոն վարչապետը նոր դիրքում նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել: Ամեն գնով պահպանելու դիրքերը ցանկություն չկա, որովհետև մեր նպատակը ոչ թե ամեն գնով այդ դիրքում մնալն է, այլ նպաստելն է, որ խնդիրները լուծվեն»,- նշեց նա՝ չպատասխանելով հարցին, թե
թե արդյո՞ք վարչապետը բացատրել է, թե ինչու իրեն չի ուզում տեսնել նոր կառավարությունում:
Նա նաև նշեց, որ իրեն եղել է առաջարկ՝ այլ ուղղությունների վերաբերյալ: Եվ որպես ՀՅԴ թեկնածու այդ առաջարկությունը քննարկման առարկա է ակնկալում դարձնել ՀՅԴ-ում, որից հետո մոտեցումը կներկայացնի:
Ինչ վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հիմնական խնդիրներին, ապա դրանք 30 ուղղություններով են:
«Այդ խնդիրները ծավալուն են, խորքային և պահանջում են համարժեք լիազորություններ: Պարզ է, որ նախարարությունը համապատասխան լիազորութուններով ամբողջությամբ օժտված չէ և ֆինանսավորումն էլ, ինչպես հաճախ է պատահում, բավարար չէ այդ ամբողջ 30 ուղղություններով խնդիրներն արդյունավետ լուծելու համար», -ասաց Մինասյանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով, երկրում պետք է լինի գերատեսչություն, որը կկարողանա համակարգել բոլոր կառույցների հետ աշխատանքները: Առաջիկայում, օրինակ, հանդես են գալու խոշոր նախագծով՝ օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքի նախագծով, որտեղ հիմնարար մի քանի սկզբունքներ են ամրագրված լինելու: