25.11.2024
Ազգերի Անդյան միության խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Քաղաքական ուժերը ժամանակավորապես դադարեցրել են քարոզչությունը Գյումրիում

Այսօր Գյումրիում, իրենց տան նկուղում հայտնաբերվել է ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող թեկնածու Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդու՝ Արշակ Գրիգորյանի դին:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտարարել է, որ ըստ նախնական վարկածի՝ Արշակ Գրիգորյանը ինքնասպան է եղել: Այս պահին տարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ՝ պարզելու ինքնասպանության դրդապատճառները և շարժառիթները:

Ավելի վաղ Գյումրիում լուրեր տարածվեցին, թե թեկնածուի որդուն սպանել են և սպանությունը կապ ունի ընտրական գործընթացների հետ:

Նշենք, որ ՏԻՄ ընտրությունների մասնակից գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ «Բալասանյան» դաշինքը, ԳԱԼԱ-ն, «Ալյանսը», «Համախմբում», «Հայկական վերածնունդ» և մյուսները որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել քարոզարշավը Գյումրիում: Նրանք նաև հորդորում են այս ողբերգությունը չկապել ընտրական գործընթացների հետ և խուսափել ավելորդ շահարկումներից:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ սպանվել էր Վարդևան Գրիգորյանի եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Վերջինիս դին հայտնաբերվել էր հրազենային վնասվածքներով Շիրակի մարզի Գետք գյուղի գերեզմանատան հարեւանությամբ գտնվող շինություններից մեկում՝ փոսի մեջ:

Գյումրիում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: