29.03.2024
Հակոբ Արշակյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Շատերը մտածում են, որ խաղաղության օրակարգի մասին խոսելով մենք դավաճան ենք. Փաշինյան

Կա կարծիք, որ Հայաստանում ժողովրդավարությունն է, որ բերեց երկրում 2020 թվականի 44-օրյա պատերազմին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին: Գլխավոր հարցը, որ այսօր կախված է Հայաստանի մթնոլորտում, հետևյալն է՝ ինչքանով է ժողովրդավարությունն ի վիճակի ապահովել երկրի անվտանգությունը: Այս մասին Հաագայում Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ Քլինգենդայլում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  


Նա նշել է, որ սա իսկապես չափազանց կարևոր հարց է և դրա վերաբերյալ ներկայացրել իր մեկնաբանությունները:


"2020 թվականի Ղարաբաղյան պատերազմն իրականում ոչ մի կապ չունի Հայաստանի ժողովրդավարական լինելու հետ: Այստեղ իրավիճակն ավելի լուրջ է, և ես պիտի ձեզ մի այսպիսի զուգահեռ ներկայացնեմ. ընդհանրապես ընդունված է կարծել կամ այդպիսի կարծիք գոնե 90-ականների սկզբին կար նաև Եվրոպայում, որ 1988 թվականին մեկնարկած, սկսած Ղարաբաղյան շարժումն է, որ հետագայում հանգեցրեց Խորհրդային միության կամ փլուզման կամ աշխարհակարգի փոփոխության: Իմ խորը հավատը և համոզմունքն է նաև այն, որ իրականում 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը, 44-օրյա պատերազմն, ըստ էության, մի հերթական նշանն էր այն բանի, որ մեզ սպասում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենալու: Իրականում պատերազմի պատճառները երկուսն էին, առաջինը՝ գլոբալ և ռեգիոնալ ուժերի հարաբերակցության փոփոխությունը, որ երկար տարիներ տեղի են ունեցել և այս ֆոնի վրա Ադրբեջանի վարած հետևյալ բանակցային քաղաքականությունը, որ տվեք մեզ այն, ինչ մենք ուզում ենք ստանալ, այլապես մենք այն կստանանք պատերազմով:


Այս իմաստով ակնհայտ է և միանշանակ, որ պատերազմն այս համատեքստում անխուսափելի էր: Իհարկե, այն դաժան փորձություն էր Լեռնային Ղարաբաղի հայության համար, Արցախի համար, Հայաստանի Հանրապետության համար և Հայաստանի ժողովրդավարության համար:


Պիտի արձանագրեմ, որ, այնուամենայնիվ, մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց լարված և ըստ էության պատճառները, որոնց մասին խոսում եմ՝ չեն փոխվել: Հետպատերազմական իրավիճակին, որը հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և որի արդյունքում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր մուտք գործեցին Լեռնային Ղարաբաղ, ես ուզում եմ ուղիղ և հասկանալի պատկեր տալ, որպեսզի բոլորի, նաև ոչ փորձագետների համար պարզ լինի, թե ինչումն է և որտեղ է պրոբլեմը:


Պատերազմից հետո կամ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս լուծված է, բայց սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլև, ըստ էության, գագաթն է և կուլմինացիան պատկերացումների, որ Ղարաբաղյան հարցի լուծման մասին ուներ և շարունակում է ունենալ Ադրբեջանը: Եթե մեկ բառով ձևակերպելու լինենք այդ քաղաքականությունը, այդ քաղաքականությունը հետևյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի: Եվ սրանում ոչ մի չափազանցություն չկա: Հիմա ես կոնկրետ օրինակներով ցույց կտամ, որ հենց այդպիսին է քաղաքականությունը:


Օրինակ, այս գարնանը մենք ունեցանք հետևյալ երևույթը, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերի մոտակայքում բարձրախոսներով հայտարարություններ էին տարածում՝ նրանց զգուշացնելով հեռանալ իրենց տներից, այլապես ուժի կիրառմամբ նրանք կհեռացվեն:


Մեկ ուրիշ կարևոր հանգամանք. գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Ղարաբաղի հայկական գյուղերի տները և բարձրախոսներով ազան էին միացնում, դա մուսուլմանական աղոթքի հրավեր է: Մենք, իհարկե, հայ ժողովուրդը մեծ հարգանք և պատկառանք ունի մուսուլմանական մշակույթի և կրոնի նկատմամբ, բայց պիտի արձանագրեմ, որ սա, ըստ էության, կրոնական ահաբեկչության մի պարզ օրինակ է:

Նաև Ադրբեջանը երկար տարիներ փորձում է Ղարաբաղի հիմնախնդրին տալ կրոնական ենթատեքստ, ինչը նրան չի հաջողվում, որովհետև մենք բազմաթիվ մահմեդական երկրների հետ ունենք ջերմ, բարեկամական, եղբայրական հարաբերություններ, բայց ահա հերթական անգամ փորձ է արվում այս գործոնը նորից ներմուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:


Հաջորդ հանգամանքը, որ կուզենայի նշել, հետևյալն է. Լեռնային Ղարաբաղն ընդհանարապես տաք տարածաշրջան է, այս տարվա մարտին, սակայն, այնտեղ աննախադեպ քանակի ձյուն տեղաց՝ մարտի 7-11 ընկած ժամանակահատվածում և աննախադեպ ցրտեր սկսվեցին: Եվ հենց այդ օրերին մենք տեսանք Ղարաբաղին ապահովող գազամուղի պայթեցում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Դրա նորոգումը շատ երկար տևեց և նորոգումից հետո էլ Ադրբեջանը խողովակի վրա փական է տեղադրել՝ փորձ անելով դա օգտագործել որպես քաղաքական, բարոյական, սոցիալական ճնշման միջոց: Նկատի ունեմ՝ ամեն ինչ արվում է, որպեսզի հայությունն Արցախում, Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը համարի անհնարին: Եվ սա ասելով է նկատի առնվում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, սա ասելով նկատի է առնվում, որ Լեռնային Ղարաբաղում հայ չի լինելու, Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ մի իրավունք չի ունենալու, Լեռնային Ղարաբաղի հայության ինքնությունը ոչնչացվելու է և արմատախիլ է արվելու: Ասածիս մեջ ամենևին չափազանցություն չկա:


Տեսեք, բոլորովին վերջերս տեղի ունեցավ մի այսպիսի տարօրինակ հայտարարություն Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից. նրանք հայտարարեցին, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, իրենց ասելով՝ «հայկական համարվող եկեղեցիների վրայից կեղծ գրառումները, արձանագրումները վերացնելու և ջնջելու համար»: Իսկ դրանից մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահը, այցելելով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող մի տարածք, որտեղ կա հինավուրց հայկական եկեղեցի, բառացիորեն հայտարարել էր հետևյալը՝ «արձանագրությունները կեղծ են և այդ կեղծիքը պետք է վերացվի»: Սա բայց ամենևին էլ մշակութային ակցիա չէ պատմական հուշարձանների նկատմամբ: Չնայած, նույնիսկ եթե այդպես լիներ միայն, արդեն իսկ աղաղակող և անթույլատրելի փաստ է: Այս քաղաքական նպատակը, երբ դնում ենք Ադրբեջանից հնչող այլ հայտարարությունների շարքում, հետևյալ է՝ արձանագրել, որ Ղարաբաղի հայությունը բոլորովին վերջերս և այլ հանգամանքներում են հայտնվել Լեռնային Ղարաբաղում, հետևաբար նրանք այնտեղ ապրելու լեգիտիմ իրավունք չունեն:


Եվ սա է այսօր Ադրբեջանի կողմից որդեգրվող քաղաքականությունը: Մինչդեռ, մեր ընկալումը բոլորովին այլ է, մեր ընկալումը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ամենևին էլ հողային հարց չէ ինչպես փորձ էր անում ներկայացնել Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իրավունքի հարց է, և մենք, մեր քաղաքականությունը և մեր ուղերձը միջազգային հանրությանը հենց դա է, որ մենք պիտի աշխատենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները լինեն պաշտպանված: Եվ նաև այս համատեքստում է, որ մենք, չնայած այս ամբողջ նեգատիվին, որդեգրել ենք խաղաղության օրակարգ:


Սա հեշտ չէր մի իրավիճակում, երբ տեղի է ունեցել պատերազմ, երբ ունեցել ենք զոհեր: Մենք ասել ենք, որ անկախ ամեն ինչից մեր կառավարության հանձնառությունն ու մանդատն է՝ անել ամեն ինչ մեր տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում հասնել խաղաղության, ամեն ինչ անել խաղաղության համար, և ոչ թե ուղղակի ամեն ինչ անել, այլ հասնել խաղաղությանը, առաջադրել խնդիրը և լուծել:


Դուք երևի նկատեցիք այստեղ գալուց առաջ երկու ցույց ունեինք՝ մեկն ի պաշտպանություն մեր կառավարության, մեկն՝ ընդդեմ մեր կառավարության կամ անձամբ ինձ: Այստեղից էր բխում այդ ամենը, որովհետև շատ մարդիկ, շատ հայրենակիցներ մտածում են, որ խաղաղության օրակարգի մասին խոսելով մենք դավաճանում ենք մեր ազգային ինքնությունը, մենք դավաճանում ենք մեր երկրի շահերը, մենք դավաճանում ենք Լեռնային Ղարաբաղի հայությանը, Լեռնային Ղարաբաղին, մենք նրանց անպաշտպան ենք թողնում: Բայց մեր համոզմունքը հակառակն է: Մենք լսում ենք այդ քննադատությունը, մենք վերլուծում ենք այդ քննադատությունը, մենք փորձում ենք հասկանալ այդ քննադատությունը: Նույնիսկ տեղ-տեղ և ընդհանուր առմամբ հասկանում ենք, բայց հենց քաղաքական գործչի և քաղաքական թիմի և ժողովրդի կողմից ընտրված կառավարության ամենամեծ խնդիրն է գնալ դժվարին ճանապարհով, որովհետև հեշտ ճանապարհները չեն տանում դեպի լավ արդյունքների: Իսկ արդյունքը, որ մենք ակնկալում ենք, հետևյալն է՝ խաղաղ զարգացման դարաշրջան մեր երկրի և մեր տարածաշրջանի համար: Դրա համար մեզ պետք է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ մեր երկաթուղիները, ճանապարհները աշխատեն, բաց լինեն»,- ասել է Փաշինյանը:


 

Հերիք եղավ Նիկոլի հրամանները կատարեք, ինքն ուզում է արյուն թափվի. Սաղաթելյանը ոստիկաններին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար