27.11.2024
Եվրոպա գազի արտահանման աճն Իրանի համար տնտեսապես արդարացված չէ
prev Նախորդ նորություն

Թուրքիան բացահայտ շանտաժի է ենթարկում Եվրամիությանը "միգրացիոն մահակի" միջոցով

Անկարան Բրյուսելից պահանջում է հոկտեմբերից ոչ ուշ անայցագրային ռեժիմի սահմանում` հակառակ դեպքում սպառնալով չեղարկել ավելի վաղ կնքված միգրացիոն համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն` գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում:

«Մենք ԵՄ-ի հետ պայմանագրեր ենք կնքել, որոնցում հստակ նշվում է, որ հոկտեմբերին Թուրքիայի հետ անայցագրային ռեժիմ է սահմանվելու: Կա՛մ 2 կողմերն էլ սահմանված ժամկետում իրագործում են բոլոր պայմանները, կա՛մ մենք մի կողմ ենք դնում այդ պայմանավորվածությունները»,-ասել է թուրք նախարարը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք անայցագրային ռեժիմի չհաստատման դեպքում Եվրոպային սպառնո՞ւմ է միգրացիոն ներհոսքի նոր ալիք:

Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն նկատել է, որ 3 մլրդ եվրոն, որը Թուրքիան պահանջում է համաձայնագրի շրջանակում, նախատեսվում է ոչ թե բուն երկրի, այլ` փախստականների համար:

Հարցազրույցի ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է նաև եվրոպական արժեքներին հակասող մահապատժի վերականգնման հավանականությանը` նշելով, որ դրա կողմնակիցը հենց թուրք ժողովուրդն է: «Թուրքիայում արյունալի հեղաշրջման փորձից հետո ժողովուրդը ցնցված է, բայց եվրոպացիները չեն ուզում դա հասկանալ: Օգնելու փոխարեն նրանք մեզ ստորացնում են»,- իրավիճակը մեկնաբանել է նախարարը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Բրյուսելը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման դեպքում երկիրն այլևս չի կարող հավակնել ԵՄ-ի անդամ դառնալուն ու անայցագրային ռեժիմի հաստատմանը: