Հայաստանում մինչև 1 մլն դրամի ապրանքների արտահանում իրականացնող ՓՄՁ-ները մաքսատուրքից կազատվեն։ Այդ մասին կառավարության հունվարի 13-ի նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այս փոփոխությունը, նշեց նախարարը, պետության վրա տարեկան նստելու է ընդամենը 100 մլն դրամ, բայց նա կարծում է, որ իր տնտեսական էֆեկտը լինելու է շատ-շատ մեծ, ինչպես, օրինակ, եղավ, երբ «մենք գինու արտահանման վճարը հանեցինք»։
«Դեպի Եվրոպա գինու արտահանման համար սերտիֆիկատի համար անհրաժեշտ էր վճարել 35 հազար դրամ։ Այդ վճարը հանելուց հետո 2021 թվականին մոտավորապես 50 տոկոսով աճեց գինու արտահանումը դեպի Եվրոպա։ Կարծում ենք, որ սա շատ լուրջ խթան կհանդիսանա փոքր ու միջին ձեռնարկությունների համար՝ անկաշկանդ արտահանում անելու համար»,- ասաց Քերոբյանը։
Այսպիսով համաձայն կառավարության որոշման, մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ -ից արտահանվող մինչև 1 մլն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար տնտեսվարող սուբյեկտները կազատվեն գանձվող մաքսավճարներից:
«Փոփոխության արդյունքում տնտեսվարողների ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը», - ասված է կառավարության որոշման մեջ:
Հատկանշական է, որ Պետական եկամուտների կոմիտեն խնդիրներ է տեսնում այս փոփոխության մեջ: «Մեր կարծիքը հետևյալն է՝ եթե ուզում ենք ՓՄՁ արտահանմանը խրախուսել, կարող ենք իրականացնել թիրախային տնտեսական միջոցառումներով։ Իսկ այս դեպքում ստացվում է, որ կարող ենք ունենալ մեծ գումարի արտահանում, բայց իրականացնել բաշխում տարբեր սուբյեկտների միջև։ Այսինքն՝ եթե սուբյեկտն իմանա, որ մինչև 1 մլն-ն արտոնության տակ է, հնարավոր է վերաբաշխում իրականացնեն և ամեն փոխադրումն արհեստականորեն տեղավորեն այս արտոնության տակ։ Այսինքն՝ այս փոփոխությունը տարբեր չարաշահումների առիթ կարող է ստեղծել, 10 մլն-ի արտահանում պետք է անեն, կանեն 10 առանձին փոխադրում»,- ասաց Բադասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց՝ նշելով, որ կառավարության ծրագրում նշվում է արտահանմանը միտված տնտեսություն ունենալու հեռանկարը, սակայն արտահանման վրա տուրքեր ենք բերել դասավորել։
«Ընդ որում, դեպքեր կան, որ երբ մենք ուզում էինք տուրք սահմանել, շատ մեծ աղմուկ էր բարձրանում։ Երբ մենք հանքանյութի վրա ուզում ենք տուրք սահմանել, ասում են՝ վայ, էս ինչ եք անում, ոնց կարելի է։ Հիմա պարզվում է, որ մենք Հայաստանում ստեղծված, ամբողջությամբ արտադրական ցիկլով անցնող արտադրանքի վրա արտահանման տուրք ենք սահմանել։ Մեկը կարո՞ղ էինձ բացատրել, եթե մենք ուզում ենք արտահանումն անընդհատ խթանել, ինչո՞ւ ենք այդպիսի տուրքեր սահմանում», - ասաց Փաշինյանը։