22.07.2026

Մանդատների աղմուկի ստվերում մնացած երեք կարևոր իրադարձություն

Հայաստանում և հատկապես տեղի քաղաքական կյանքում արձակուրդային անդորր է։ Այս պահին ամենից քաղաքական հարցը ԱԺ բացումն է (որը, խոշոր հաշվով, ներկայիս միտումների ու գործելաոճի պահպանման դեպքում էական ազդեցություն չի ունենալու խորհրդարանի շենքից դուրս գտնվող գործընթացների վրա)։


Մինչդեռ քաղաքական արձակուրդը բացառապես Հայաստանում է։ Իսկ մեր երկրի շուրջը աննախադեպ արագությամբ ընթանում են կարևորագույն գործընթացներ, այդ թվում՝ մեր վրա ազդող։


Ահավասիկ երեք լուր, որոնք մնացել են «մանդատակռվի» ստվերում.


ԱՄՆ ու Իրանի միջև վերսկսված պատերազմը (իսկ արդյո՞ք այն երբևէ դադարել էր) մտնում է մի նոր փուլ, որտեղ կողմերը իրենք իրենց թողել են բացառապես մեկ գործիքով՝ իրավիճակի շարունակական սրում։ Միայն մեկ թիվը բավարար է պատկերացնելու լարվածության ծավալները. այս պահին ԱՄՆ կողմից պատերազմի մեջ ուղիղ և անուղղակի արդեն ներգրավված է ավելի քան 50 հազար մարդ։ Ու սա, կարծես թե, միայն սկիզբն է։


Ալիևը հետևողական աշխատում է ԵՄ հետ՝ մեծացնելու Ադրբեջանի կշիռը։ Ավելին՝ նա իրեն դիրքավորում է որպես տարածաշրջանային միջնորդ (վերջին լուրը (https://www.dw.com/ru/aliev-kosvenno-podtverdil-kontakty-politikov-frg-i-rf-v-baku/a-78055386) Ռուսաստանի ու Գերմանիայի ներկայացուցիչների՝ Բաքվում հանդիպման մասին շատ խոսուն է)։ Այս հանգամանքը կարդալիս մտքում պետք է ունենալ հետևյալ բանաձևը՝ ուժեղ Ադրբեջան = ավելի մեծ ճնշում Հայաստանի վրա բոլոր հարցերում՝ միջանցքից մինչև Հայաստանի բանակի կրճատում։


Թուրքիայում տեղի է ունեցել ՆԱՏՕ գագաթնաժողովը, որում ամրապնդվել են երկու կողմերի հարաբերությունները։ Թուրքիան, ինչպես Սառը պատերազմի տարիներին, այժմ հավաքական Արևմուտքի կողմից դիտարկվում է որպես կարևորագույն պաշտպանական գոտի, որին պետք է օգնել և հանդուրժել «քմահաճույքները»։


Սա ընդամենը փոքր քաղվածք է լրահոսից։


Բայց դա էլ բավական է հասկանալու համար, որ մեր շուրջ ընթացող քաղաքական գործընթացները ավելին են, քան մանդատները։


Միայն այդ մեծ պրիզմայով է պետք նայել ու վերլուծել Հայաստանի ներքին կյանքը։ Հետևաբար նաև պատրաստվել դրանց դիմակայմանը հանուն զարգացող ու անվտանգ պետության։


Թյուրքագետ Վարուժան Գեղամյան


 


 

Թեմայի այլ նորություններ