22.07.2026

Ընդդիմությանը տրված ձայնը չի վերացնում քննադատելու իրավունքը

Հարյուրավոր ընդդիմադիր գործիչների տարիների աշխատանքը կապիտալիզացվել է երկու ուժերի կողմից։ Լավ է դա, թե վատ՝ այլ հարց է…


Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխեց Ազգային ժողով անցած քաղաքական ուժերի մանդատները։


Այսպիսով, իններորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինեն երեք խմբակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինք։


Այս պահին կարևոր եմ համարում արձանագրել մի հանգամանք. վերջին երեք տարիների ընթացքում ընդդիմադիր գործունեություն ծավալած բազմաթիվ քաղաքական գործիչների և ուժերի ներդրած աշխատանքը, ի վերջո, կապիտալիզացվեց խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերի կողմից։ Իսկ այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստանի» մանդատները փաստացի գողացվեցին, այդ քաղաքական կապիտալը կենտրոնացավ ընդամենը երկու ընդդիմադիր ուժերի ձեռքում։ Լավ է դա, թե վատ՝ արդեն առանձին քննարկման թեմա է։


Այս պայմաններում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերը պետք է գիտակցեն, որ յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական ուժ, ինչպես նաև ընդդիմությանը սատարած յուրաքանչյուր անհատ իրավունք ունի և նույնիսկ պարտավոր է՝ նրանցից պահանջելու հաշվետվողականություն, ուղղելու հարցեր, ներկայացնելու առաջարկներ և հնչեցնելու կառուցողական քննադատություն։


Դա բոլորի լեգիտիմ իրավունքն է։ Այդ իրավունքի իրացումը երբեք չպետք է ներկայացվի որպես «խանգարող» կամ «վնասող» գործունեություն։


«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան

Թեմայի այլ նորություններ