2.08.2025

Իրական հակասություն վարչապետի խոսնակի հայտարարության մեջ

Այսօր կրկին անդրադառնալու եմ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի գրառմանն, այս անգամ տեքստի բովանդակության ներքին հակասության համատեքստում:


Նազելի Բաղդասարյանը հայտարարում է․
«ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել»։


Սակայն նույն տեքստի հաջորդ հատվածում հավելում է․


«Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է»։


Ու հենց այստեղ է թաքնված Նազելի Բաղդասարյանի, իրականում՝ Փաշինյանի մտքի հակասությունը, ավելի ստույգ՝ հասարակությանը մանիպուլացնելու փորձը:


Եթե մենք չենք արտապատվիրակում իրավազորությունը, ապա ինչպես կարող է ռազմավարական ենթակառուցվածքների կառավարումը անցնել այլ սուբյեկտի ձեռքը՝ առավել ևս, եթե խոսքը վերաբերում է պետության անվտանգության ու տնտեսական ինքնիշխանության առանցքային օղակներին։


Մանրմամասնեմ, հստակեցնեմ միտքս:


«Կառավարում» նշանակում է որոշումներ կայացնելու լիազորություն՝ կապված շահագործման, գների, մուտքի կամ օգտագործման պայմանների հետ։


Եթե այդ լիազորությունը փոխանցվում է օտար պետությանը կամ նրա վերահսկողության տակ գտնվող կառույցին, ապա գործնականում մենք ստանում ենք սուվերենության սահմանափակում, եթե նույնիսկ ֆորմալ առումով Հայաստանի սուվերենությունը, իրավազորությունը պահպանվում են:


Այսպիսով՝ պնդումը, թե «չենք արտապատվիրակում իրավազորությունը», բայց «կարող ենք արտապատվիրակել կառավարումը», լոգիկ առումով հակասություն է։


Տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը  միայն քարտեզի գծերը չեն․ դրանք նաև էներգետիկ և տրանսպորտային համակարգերի վերահսկողությունն են։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց