2.08.2025

Եթե Արցախը չի ճանաչվել անկախ, դա չի նշանակում, որ ինքնաբերաբար ճանաչվել է Ադրբեջանի մաս

Ընդհանրապես, Հելսնիկյան Եզրափակիչ ակտի 50-ամյակի թեման առիթ է խոսելու մեզանում տարածված եւս մի նարատիվի մասին, որ լսում ենք հաճախ՝ իշխանական եւ իշխանամերձ տեղեկատվա-քարոզչական ամիջավայրից:


Խոսքն այն մասին է, թե ոչ մի պետություն Արցախը չէր ճանաչել Ադրբեջանից անկախ:


Սա առաջին հայացքից անվրեպ թվացող փաստ է: Գործնականում սակայն, ըստ իս, սա կամ անգիտություն է՝ թեմայի, միջազգային հարաբերությունների, աշխարհաքաղաքական տրամաբանության, կամ էլ միտումնավոր նենգափոխում:


Հասկանալի է, որ առնվազն իշխանությունը զբաղված է հենց երկրորդ տարբերակով, քանի որ այդ կերպ պետք է լուծի արցախյան հարցում իր տապալման եւ Արցախի կորստի համար պատասխանատվությունից խուսանավելու եւ իշխանություն պահելու խնդիր:


Գործնականում, այո, Արցախը ճանաչված չի եղել որպես անկախ պետություն: Բայց, չճանաչել Արցախը որպես անկախ պետություն, դեռ չի նշանակում աներկբա ճանաչել այն, որպես Ադրբեջանի տարածքային ամբողջության մաս: Որովհետեւ, եթե լիներ այդպես, ապա չէր լինի Մինսկի խումբ, չէր լինի համանախագահության բացառիկ ձեւաչափ, եւ չէր լինի Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթաց՝ միջազգայնորեն լեգիտիմ մանդատի ներքո:


Եթե Արցախը չի ճանաչվել անկախ, դա չի նշանակում, որ ինքնաբերաբար ճանաչվել է Ադրբեջանի մաս: Արցախը միջազգայնորեն, ԵԱՀԿ, ՄԱԿ ԱԽ որոշումներով ճանաչվել է որպես հակամարտ գոտի: Հակամարտություն, որը դարձյալ միջազգայնորեն լեգիտիմ սահմանումով, «մակնշագրվել» է Հելսնիկյան Եզրափակիչ ակտիվ երեք սկզզբունքների շրջանակում՝ տարածքային ամբողջություն, ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում:


Ոչ թե արցախյան կարգավորման պատմության ընթացքում չի եղել որեւէ պետություն, որ ճանաչի Արցախը ադրբեջանի կազմից դուրս, ճանաչի անկախ, կամ Հայաստանի կազմում, այլ ինքնին արցախյան կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ բացառիկ մանդատի ներքո, Հելսնիկյան եզրափակիչ ակտի սկզբունքների շրջանակում, եղել է Արցախի ճանաչում: Պարզապես, դա եղել է ճանաչում, որպես կոնֆլիկտային գոտի, որպես հարց, որը ենթակա է միջազգային սկզբունքների շրջանակում կարգավորման:


Եվ այդ, սկզբունքներից մեկը առնվազն տեսականում ենթադրել է նաեւ անկախ պետության ձեւավորում: Իրատեսակա՞ն էր դա, թե՞ ոչ: Սա հարցի մյուս կողմն է, բայց առնվազն դա եղել է ձեւավորված միջազգային գործընթացի բաղադրիչ, որի իրատեսականությունը կախված էր արդեն այն հանգամանքից, թե հակամարտող սուբյեկտներից ով ինչ արդյունավետությամբ կպաշտպաներ իր շահերը:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան