9.09.2026

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանի սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ

Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։


Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնություն են ձեռք բերել այն մասին, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացն իրականացվելու է հյուսիսից հարավ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից։


Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։


«Ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ։ Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ պարոն Շահին Մուստաֆաևը։ Պարբերաբար անցկացվում են հանձնաժողովների հանդիպումներ և քննարկումներ։ Հայաստանում համապատասխան հանձնաժողովը նույնպես գլխավորում է փոխվարչապետը»,- նշել է Ջեյհուն Բայրամովը։


Նրա խոսքով՝ անցած ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել, իսկ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։


«Պայմանավորվածություն կա այն հարցի շուրջ, թե որ ուղղությունից պետք է սկսվի և հետագայում առաջ ընթանա մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը։ Կա համաձայնություն և փոխըմբռնում այն հարցում, որ աշխատանքները կսկսվեն սահմանի ավելի բարդ՝ հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և առաջ կգնան հյուսիսից հարավ»,- հայտարարել է նախարարը։


«Ինչ վերաբերում է ավելի կոնկրետ մանրամասներին, ապա, բնականաբար, բոլոր հարցերը կքննարկվեն ըստ անհրաժեշտության և համապատասխան ժամանակին, և ակնկալվում է, որ դրանք նույնպես լուծում կստանան։ Այս կամ այն բնակավայրերի հետ կապված հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շրջանակում»։


 

Թեմայի այլ նորություններ