Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը կառավարության սեպտեմբերի 25-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Մերձավան համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքական պատվեր չէ։ «Վոլոդյա Գրիգորյանը մեր լավ ընկերն էր», - ասել է մարզպետը։
Ճշտող հարցին, թե ինչի հիման վրա է նա պնդում, որ սպանությունը քաղաքական բնույթ չունի, Խաչատրյանը կրկին ընդգծել է, որ քաղաքական դրդապատճառներ չկան։ Նա նշել է, որ նման ողբերգություններ տեղի են ունենում բոլոր երկրներում, և Հայաստանը բացառություն չէ։ Հարցին՝ արդյոք նա իրեն պատասխանատու է զգում տեղի ունեցածի համար, մարզպետը պատասխանել է՝ «Այո, իհարկե»։
Մյուս հարցերը, ներառյալ հնարավոր հրաժարականի մասին հարցը, նա թողել է անպատասխան՝ խոստանալով հետագայում անդրադառնալ դրանց։
Ողբերգության հանգամանքները
Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան ոստիկանությունն ահազանգ էր ստացել Մերձավանում տեղի ունեցած կրակոցների մասին, որոնց հետևանքով զոհվել էին երկու, վիրավորվել՝ մեկ անձ։ Զոհերից մեկը համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանն էր, ով այս տարվա մարտին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ջախջախիչ հաղթանակ էր տարել իշխող կուսակցության նկատմամբ։
Երկրորդ զոհը ոստիկան Կարեն Աբրահամյանն էր, որը Գրիգորյանի ընկերն էր և դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։
Ողբերգությունը տեղի է ունեցել անմիջապես Գրիգորյանի տան դիմաց։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է նաև Արծրուն Գալստյանը։ Սպանության փաստով հարուցվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրից առգրավվել են տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Քննությունը շարունակվում է։