Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում հավանություն է տվել «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագծին, որը հայտնի է նաև որպես Օվիեդոյի կոնվենցիա: Այս փաստաթուղթը, որը ստորագրվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, միակ իրավական պարտադիր ուժ ունեցող միջազգային գործիքն է, որը սահմանում է օրենսդրական շրջանակ ինչպես ամենօրյա բժշկական պրակտիկայի, այնպես էլ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար: Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը կարևոր նշանակություն ունի՝ վերահաստատելով երկրի հանձնառությունը առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Կոնվենցիան Եվրոպայի խորհրդի կողմից մշակված մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրական փաթեթի բաղկացուցիչ մասն է և կարգավորում է այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են պացիենտի իրազեկված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտության համար, բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, վերարտադրողական առողջության պահպանման ոլորտում էթիկական ասպեկտների պահպանումը և այլն: