Երևանի կենդանաբանական այգին հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին, որ կենդանիներ են սովից անկել: «Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Վերջին ամիսներին կենդանիների՝ կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ և սև անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը։ Վերջնական եզրակացության համար կենդանու նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն: Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով՝ չստուգված, իրականությանն անհամապատասխան տեղեկություններ տարածելուց»: