1.05.2025
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց ԼՂ հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևը
10.07.2024
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց ԼՂ հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևը

Նախօրեին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը: Բանաձևում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները; Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը` Կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում; Խստորեն դատապարտում է ադրբեջանական ռազմական ներխուժումը և Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը; Աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը; Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և, այս համատեքստում, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»։