Խորհրդարանը սկսել է ուսումնասիրել Հայաստանի և Ղազախստանի միջև «Նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը: Խորհրդարանի հունվարի 20-ի նիստի ժամանակ ներկայացնելով փաստաթուղթը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը սահմանում է նավթամթերքների մատակարարման պայմանները։ Համաձայնագրի համաձայն՝ Ղազախստանից Հայաստան ապրանքների նշված խմբի մատակարարումները կիրականացվեն անվանացանկին եւ նախապես համաձայնեցված ծավալներին համապատասխան եւ չեն հարկվի մաքսային տուրքերով։ Փաստաթղթի շրջանակներում կողմերը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կկազմեն և կհաստատեն հաջորդ տարվա ինդիկատիվ հաշվեկշիռը։ Համաձայնագրով արգելվում է Հայաստան մատակարարել հաստատված ծավալները գերազանցող ծավալներ, իր հերթին Հայաստանն իրավունք չունի երրորդ երկրներ վաճառել սահմանված պայմաններով մատակարարվող ղազախական արտադրանքը։ Պայմանագրի գործողության ժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 31-ն է, որին հաջորդում է ավտոմատ երկարաձգումը 5 տարով։ Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը: Նա նշել է, որ նման պայմանագիր ներկայումս գործում է նաեւ Ռուսաստանի հետ։ Փոխնախարարը վստահ է, որ պայմանագրի վավերացումն ու իրականացումը կհանգեցնի բենզինի շուկայում մրցակցության աճին և, որպես հետևանք, գների անկմանը: