30.06.2025
Դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. Արայիկ Հարությունյան
11.10.2020
Դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. Արայիկ Հարությունյան

Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խաղաղ ճանապարհով հարցի լուծման, առաջին հերթին դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահը նշեց, որ դիմելու է նաև միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին, ինչը և տեսանելի կդարձնի, թե որ երկրներն են հարգում մարդու իրավունքները, միջազգային իրավունքը, ազգերի ինքնորոշման իրավունքը: "Աշխարհը նաև կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին: Այդ երկրները պետք է ցուցակագրել ու այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցեն իրենց իշխանությունների վարքագիծը, այդ իշխանությունները պետք է պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ",- շեշտեց Արցախի նախագահը։ Արայիկ Հարությունյանը նաև ասաց՝ միջազգային հանրությունից բացի հայտարարություններն ու կոչերը, ավելի առարկայական գործողություններ է ակնկալում։ Նա հայտարարեց, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մոսկվայում հոկտեմբերի 9-ին եռակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված՝ շփման գծում հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը: «Ադրբեջանը կոպտորեն խախտել է այդ պայմանավորվածությունը», - ասաց նա ու հավելեց. «Ուզո՞ւմ են երկարատև պատերազմ, լավ, իրենք են ընտրել այդ տարբերակը։ Մենք չենք սկսել պատերազմը»։ «Առավոտյան տվյալներով, իրավիճակը համեմատաբար հանգիստ է, բայց չգիտենք՝ ինչքանով է այդ հանգիստը լինելու երկարատեւ: Մեր բնակավայրերի վրա հրթիռակոծություն, հրետանակոծություն այս պահին չի կատարվում, առաջնագծում փոքր կրակահերթեր կան, ոչ ակտիվ գործողություններ, ոչ հրետակոծումներ», - ասաց նա: Արցախի նախագահը խոսեց նաև Հադրութ քաղաքում ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 10-ին: «Քանի որ Ալիևը հայտարարել է, թե գրավել են Հադրութը, որպես վերջին հարված հրադադարից առաջ ընտրել է Հադրութ քաղաքը ու համատեղ երևի թե այլ երկրների հետ ձևավորել են մի դիվերսիոն խումբ, որի նպատակն է եղել գրավել Հադրութ քաղաքը։ Նրանց հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք ու Հադրութի մոտակայք, բայց մեզ հաջողվել է վերաձևավորվել ու դիմակայել, ու այսօր Հադրութի քաղաքապետը Հադրութի վարչական շենքում է», - հայտարարեց նա։