Իսլամական ահաբեկչությունը բոլորի ընդհանուր թշնամին է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Համապատասխան հայտարարությունը, որն արվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գիշերը տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ, Twitter-ում տեղադրել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը. «Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է: Այս մարդասպանների և նրանց դրդողների դեմ պայքարը մեր ընդհանուր պայքարն է», - ասված է հայտարարության մեջ: Մերկելը նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: