Նման լուրեր տարածելն ուղղակի անհեթեթություն է: Այս մասին լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պտգամավոր Վահագն Հովակիմյանը՝ մեկնաբանելով մամուլում առկա այն տեղեկատվությունը, թե ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս է բերվելու Գյումրիից: Ըստ մամուլի՝ դա չի բացառվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տրամաբանությամբ: Նա հիշեցրեց, որ ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիրը մինչև 2044 թվականն է: ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, իսկ Հայաստանի ու Թուրքիայի միջև նոր երկխոսություն է մեկնարկել հատուկ ներկայացուցիչների միջոցով: Հետևապես նման խոսակցությունները այս պահին որևէ հիմնավորում չունեն: «Նման խոսակցություն մեր իրականության մեջ գոյություն չունի», - հավաստիացրեց Հովհաննիսյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի հրապարակման՝ Շիրակի մարզից «ժողովուրդ» օրաթերթին շարունակ տեղեկություններ ու ահազանգեր են հասնում այն մասին, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։