27.10.2026

Փաշինյանը հաստատել է. Երևանը Բաքվին կվերադարձնի Հայաստանում հայտնված ադրբեջանցուն

Պաշտոնական Երևանն ադրբեջանական կողմին կփոխանցի սահմանամերձ գյուղի բնակչին, որը հատել էր պետական սահմանն ու հայտնվել Հայաստանի տարածքում։


Միջադեպը գրանցվել է հոկտեմբերի 19-ի երեկոյան՝ Տավուշի մարզում։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տվյալներով՝ Ադրբեջանի Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968 թվականին ծնված Յաշար Ալի օղլու Քասիմովը սահմանը խախտել է տեղանքում մոլորվելու հետևանքով։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է տղամարդուն հայրենիք վերադարձնելու մտադրությունը՝ ընդգծելով դեպքի պատահական բնույթը։


«Աշխարհում չկա մի սահման, շփման գիծ, ռազմաճակատային գիծ, որ մեկ մարդը չկարողանա անցնել: Մարդը անցել է, զինվորականները հայտնաբերել են, տեսնում էին՝ մարդը քայլելով գալիս է, ձերբակալել և հանձնել են ԱԱԾ-ին, Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել: Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։


Ներկայումս հայկական համապատասխան կառույցներն իրականացնում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ քաղաքացուն անվտանգ կերպով ադրբեջանական կողմին փոխանցելու նպատակով։

Թեմայի այլ նորություններ