Կառավարությունը հաստատեց որոշումներ, որոնք հնարավորություն կտան սեղմ ժամկետներում ավարտել Իրան–Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի կառուցումը։
Գործարկումից հետո ՀՀ–Իրան փոխհոսքերը 350 ՄՎտ-ից կհասցվեն մինչև 1200 ՄՎտ, կբարձրանա համակարգի հուսալիությունն ու էներգանվտանգությունը, ինչպես նաև կստեղծվի պաշար՝ վերջնական սպառողների համար սակագների հետագա աճը մեղմելու նպատակով։
2025-ին էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրով ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ նախատեսվել էր 10,03 մլրդ դրամ՝ 9 ամսվա, և 13,53 մլրդ դրամ՝ տարվա համար։
Մրցութային ընթացակարգերի երկարաձգման պայմաններում նախատեսվող միջոցների մի մասը վերաբաշխվում է. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը հատկացվելու է 828 մլն դրամ՝ 9 ամսվա, և 1,035 մլրդ դրամ՝ տարվա համար, իսկ 1,035 մլրդ դրամը տեղափոխվում է 2026–2028 թթ․՝ ըստ աշխատանքների պատրաստակամության օգտագործելու նպատակով։
Նախագծի ավարտը հնարավորություն կտա ամբողջ ծավալով օգտագործել Իրան–Հայաստան գազատարի թողունակությունը «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սկզբունքով և կայունացնել երկկողմ էներգահոսքերը։