ԱԺ հանձնաժողովը կողմ է պետպաշտոններ զբաղեցնողների վարձատրության փոփոխություններին
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարցը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ:
Նախաձեռնության նպատակն է մինչեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը ապահովել այդ անձանց՝ նվազագույն ամսական աշխատավարձին առնվազն հավասար չափով հիմնական աշխատավարձ ստանալու իրավունքը: Կարգավորումներով պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից: Նախագծում ներառվել են նաեւ վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավված պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց որոշակի երաշխիքներով ապահովելու դրույթներ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: