5.10.2024
Լիտվան աջակցում է Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով հակամարտության խաղաղ կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Հայաստանի պետական պարտքը կհասնի 6 միլիարդ դոլարի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախում մարդկանց տարբեր եղանակներով տեղեկացնում են, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, այլեւս գոյություն չունեցող «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը մի քանի անգամ հայտարարել է, որ չի զբաղվում քաղաքականությամբ։ ԼՂՀ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում «կամանդույուշչիի» հնարավոր քաղաքական առաջխաղացման դեմ։ Հունիսի 5-ից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ Բաբայանին դիմավորելուց հետո գնացին ԼՂՀ նախագահական եւ պահանջեցին նրան ՊԲ հրամանատար նշանակել, պետական հիմնարկների ղեկավարները վախեցած են։ Մեզ հասած տեղեկություններով, նրանք զգուշացնում են աշխատակիցներին, որ չմասնակցեն միտինգների, ցույցերի կամ Սամվել Բաբայանի հետ որեւէ հանդիպման եւ սպառնում են, որ հակառակ դեպքում գործից կազատվեն։ Կան մարդիկ, որոնք արդեն կորցրել են աշխատանքը հունիսի 5-ի միտինգին մասնակցելու պատճառով։ Մի կնոջ ՊԲ-ից են հեռացրել` պատճառաբանելով, որ զինծառայողներն իրավունք չունեն խառնվել քաղաքականությանը: Մի կնոջ էլ հեռացրել են քաղաքացիական հաստատությունից՝ նշելով, որ նա թոշակային տարիքի է»:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ»-ն արդեն տեղեկացրել է, որ նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար իշխանության պնդմամբ անհրաժեշտ 16 մլն եվրոն գտնվել է: Հիշեցնենք՝ համաձայն մեր տեղեկությունների՝ 7 միլիոն եվրո համաձայնել է տրամադրել Եվրամիությունը, 1 միլիոն եվրոյի համաձայնություն է տվել ԱՄՆ-ը, կես միլիոն ներդրում է պատրաստ իրականացնել Գերմանիան, ևս կես միլիոն՝ Մեծ Բրիտանիան։ Իր հերթին ՀՀ իշխանությունը պատրաստակամություն էր հայտնել այս գործի համար տալ 3 միլիոն եվրո։ Ստացվում է, որ 12 միլիոնն արդեն կա։ Եվս 14 միլիոն եվրո, այսինքն՝ անհրաժեշտ միջոցներից մի բան էլ ավելի, ակնկալվում է Եվրամիության տարբեր ֆոնդերից։ Եվ չնայած սրան՝ գործընթացը մեր տեղեկություններով, ընթանալու է բոլորովին այլ սցենարով: «ՉԻ» տեղեկություններով՝ հուլիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստին բավականին բուռն քննարկում է ծավալվել ԸՕ-ի փոփոխությունների իրագործման եւ ԼՂՀ հիմնախնդրի շուրջ: Շատերը՝ ԼՂՀ վերջին զարգացումներով պայմանավորված, հենց նիստի ժամանակ ասել են, որ եթե նման իրավիճակում իշխանությունը ներդնի նախագրանցման համակարգը՝ ընտրողների էլեկտրոնային բազայի կիրակմամբ, ապա իշխանությունը, այսինքն իրենք, կպարտվի հենց մոտ ապագայում կայանալիք ընտրություններում: Հայտնի նիստի շրջանակներում կասկածահարույց մտքերի տեղատարափ է արձանագրվել, եւ Սերժ Սարգսյանը որոշել է մի քանի օր հետո միայն հայտնել իր կարծիքը: Իսկ նրա կարծիքն օրեր հետո հնչել է իշխանական շրջանակներում՝ պետք է հրաժարվել ընդդիմության հետ կնքած համաձայնագրից եւ այդ ամենը բացատրել փող չլինելու հանգամանքով»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունն առայժմ որոշել է Ստեփանավանում այլևս չպաշտպանել գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին, որի անունը պարբերաբար կապվում է տարբեր աղմկոտ պատմությունների հետ: Օրինակ, 2014 թվականին Միքայել Ղարաքեշիշյանը ատրճանակով կրակել էր Ստեփանավանի բնակիչ Արմեն Գրիգորյանի վրա: Ղարաքեշիշյանի պաշտոնավարման ընթացքում նրա եղբոր՝ Սարգիս Ղարաքեշիշյանի վերաբերյալ նույնպես տարբեր աղմկոտ պատմություններ են հրապարակվել: ՀՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, կուսակցության վերնախավը որոշել է ազատվել Ղարաքեշիշյան եղբայրներից: Ստեփանավանում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, օրը դեռ որոշված չէ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունիսի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 73 միլիոն 200 հազար դոլարով: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 343 միլիոն 800 հազար դոլար: Ու եթե ՀՀ կառավարությունն այս տեմպերով շարունակի, ապա մինչեւ տարեվերջ Հայաստանի պետական պարտքը կհասնի 6 միլիարդ դոլարի: Սակայն ամենավտանգավորն այն է, որ պետական պարտքի ավելացմանը զուգահեռ տնտեսությունում ընթացող գործընթացները ոչ մի լավ բան չեն խոստանում: Այսինքն՝ չկա որեւէ ազդակ, որը հույս կներշնչի, որ առաջիկայում Հայաստանի տնտեսությունում իրավիճակը կշտկվի եւ այն կսկսի արագ զարգանալ, ու պետությունը միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ բանկերից վերցված վարկերը վերադարձնելու հարցում խնդիրներ չի ունենա: Ի դեպ, այս տարվա անցած վեց ամիսների ընթացքում Հայաստանի պետական բյուջեից 44 միլիարդ 500 միլիոն դրամ է ծախսվել՝ պետական պարտքի տոկոսավճարները մուծելու համար»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ազգային անվտանգության ծառայությունը խիստ հսկողություն էր սահմանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Բանն այն է, որ Թուրքիայից Արաքս գետով, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2, իսկ ըստ մեր տեղեկությունների՝ 4-5 անձ է հատել սահմանը եւ փորձել թաքնվել թփուտներում: Չի բացառվում, որ Հայաստան ներթափանցած 4-5 հոգանոց խմբի անդամները լրտեսներ կամ ահաբեկիչներ լինեն, քանի որ նրանք իրավապահներին տարբեր բաներ են պատմում: Սահմանը հատողներին կալանավորեցին Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել է տիրող իրավիճակի մասին, սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռեւս լռում է: Միգուցե պատճառը հասարակության շրջանում խուճապ չառաջացնելն է, կամ այլ խնդիր կա, որի մասին դեռեւս հայտնի չէ…. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե Թուրքիայից սահմանը հատած եւ Արարատի սահմանում հայտնված Աֆղանստանի եւ Պակիստանի քաղաքացիներն ինչ են պատմել իրավապահներին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջիններս հայտնել են, թե Հայաստանի մասին որեւէ բան չգիտեն եւ, առհասարակ, երբեւէ չեն էլ լսել: Ավելին՝ նրանք հավաստիացրել են, թե աշխատանք են փնտրել Թուրքիայում, պատահական են հայտնվել սահմանի այս հատվածում եւ չգիտեն, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: Նկատենք, որ այս պատմության մեջ բավականին մութ կետեր կան: Բանն այն է, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, թե նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են եւ մտադիր են եղել Հայաստանի միջոցով հասնել մինչեւ Եվրամիության երկրներ: Ասել է, թե սահմանը հատած անձինք շատ լավ գիտակցել են, թե ուր են գնում եւ ինչ նպատակով»:
Մամուլի տեսություն. ԼՂ հարցում Սերժ Սարգսյանը կանգնել է պատմական դիլեմայի առջև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները