ՆԱՏՕ-ն կարևորում է քաղաքական երկխոսության շարունակումը ՀՀ հետ. Խավիեր Կոլոմինա Պիրիզի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին և նրան ուղեկցող պատվիրակությանը:
Նախագահ Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի բնականոն համագործակցությունը և գործընկերային հարաբերությունները: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ խաղաղության ու կայունության հաստատման միջազգային հավաքական ջանքերում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և կարևորել քաղաքական երկխոսության շարունակումը: Նա նաև ընդգծել է այն մեծ ներդրումը, որ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի առաքելություններում և միջազգային անվտանգության ապահովման հարցում:
Նախագահ Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին: Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է:
Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անհասկանալի ու լուրջ խնդիր է 44-օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, որի մասին նա բարձրաձայնել էր նաև 2020թ. հոկտեմբերին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցի ընթացքում: