Standard&Poors վարկանշային գործակալությունը առաջին անգամ հոկտեմբերի 13-ին վարկանիշ է շնորհել Հայաստանին, որը հանգամանորեն քննարկվեց կառավարության հոկտեմբերի 14-ի նիստում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հոկտեմբերի13-ից այդ լուրը լայնորեն քննարկվում է և խնդրեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին բացատրել, թե դա ինչ է նշանակում:
Նախարարը Խաչատրյանը նախ նկատեց, որ Standard&Poors վարկանշային կազմակերպությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով:
«Առաջին տարին է նաեւ, որ միաժամանակ Հայաստանին վերաբերող զեկույցներ են հրապարակել վարկանշավորման ոլորտում աշխարհի առաջատար եռյակը՝ «Moody’s»-ը, Fitch-տը եւ Standard&Poors-ը: Standard&Poors-ի առաձնահատկությունն այն է, որ սուվերենից բացի, այն սահմանել է նաեւ փոխանցմաբն եւ փոխարկելիության գնահատական, ինչը կարեւոր է մասնավոր հատվածի համար», - ասաց նախարարն ու հավելեց, որ այն սահմանվել է «BB-», ինչը նշանակում է, որ Հայաստանի մասնավոր հատվածի ընկերությունները Standard&Poors-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ Հայաստանի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ:
Standard&Poors-ի կողմից տրված գնահատականը, նախարարի կարծիքով, խոսքում է Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործոնների գերակշռման մասին, որոնք առաջիկա 12 ամիսների ընթացքում կարող են բերել ՀՀ սուվերեն վարկանիշի բարձրացման:
Համաձայն վարկանշման, եթե հետագա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում տնտեսական աճի իրենց սպասումներն արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի և պետբյուջեի կատարողականը լինի իրենց սպասածից ավելի դրական, դա կբերի երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման:
Standard&Poors-ի փորձագետները նշում են, որ չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը:
«Standard&Poors-ն ակնկալում է, որ Կառավարության 5-ամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի», - նկատեց նախարարը՝ հավելելով, որ Standard&Poors-ի հետ Հայաստանի համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը և կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաև մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու հնարավորություն ապահովելու և դրա ներքո տեղական և միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նպատակով:
Այնուհետև թեմային անդրադարձավ նաև վարչապետ Փաշինյանը՝ նկատելով, որ այս վարկանշման արդյունքում Հայաստանի ընկերությունները դրսից ավելի էժան վարկեր կստանան: