25.11.2024
Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ ԱԳ նախարարներն ընդունել են ղաղաբաղյան հիմնախնդրի կարգավորման և սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ

Երևանում այսօր կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել են կառույցի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Նիստի արդյունքներով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել մամուլի հայտարարությամբ:

Նախարարը հիշեցրել է, որ 2015 թվականի սեպտեմբերից Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, հոկտեմբերին Հայաստանում կայանալու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը և այսօրվա հանդիպմանը քննարկվել են պետությունների ղեկավարների գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, նրանց հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը։ Նալբանդյանը նշել է, որ առաջին հերթին ուշադրության կենտրոնում էր ՀԱՊԿ 2025թ. հավաքական անվտանգության ռազմավարությունը, որը ներկայացվելու է Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի հաստատմանը:

ԱԳ նախարարը նաև ասել է, որ Հայաստանը մշտապես ակտիվ և նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կատարելագործման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության ակտիվացման, անդամ երկրների միջև համագործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման առումով։ Եվ կազմակերպության նախագահության շրջանակներում շարունակել ակտիվ քայլերը վերոհիշյալ ուղղություններով։
«Մենք բոլորս համակարծիք էինք, որ կառույցի փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը կախված է առաջին հերթին կազմակերպության անդամ երկրների՝ իրենց անդամակցությունից բխող պարտավորությունների լիակատար իրականացման հետ»,- ասել է նա:

Երևանյան նիստի օրակարգում էին նաև միջազգային հանրության առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկի՝ ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարին առնչվող հարցեր։

«Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքներին, քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրների միջև միջազգային տարբեր ձևաչափերում համագործակցության ակտիվացումը, արտերկրում և միջազգային կազմակերպություններում մեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հավաքական հանձնարարականների պարբերական թարմացումը, 2016-2017թթ. քաղաքական, պաշտպանական և անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը»,- հավելել է Էդվարդ Նալբանդյանը:

Նշվում է, որ նախարարական խորհրդին հավանություն է տրվել մի շարք փաստաթղթերի նախագծերի, ընդունվել են ղաղաբաղյան հիմնախնդրի կարգավորման և սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ։