Առավոտից Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը։ Նրանք նախ դեմ են համայնքների խոշորացմանը, երկրորդ՝ պահանջում են լուծել սահմանի անվտանգության հարցը։
Գեղամասար համայնքի մեջ մտնում է 18 գյուղ, Հիմա այն ուզում են միացնել Վարդենիսին։ Գեղամասարում վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կողմից տարածք ներթափանցելու հետ կապված սրվել են անվտանգության հարցերը։ Այսպես, ադրբեջանցի զինվորականները միտումնավոր հրդեհներ են կազմակերպում, պարբերաբար գնդակոծում գյուղերը։
«Մենք ապրում ենք թուրքերի մեջ, պահանջում ենք, որ սահմանի անվտանգությունն ապահովվի նորմալ ձևով։ Մենք արդեն վախենում ենք երեխաներին դպրոց ուղարկել, հագուստներով ենք քնում։ Համայնքի ընդլայնմամբ ոչ թուրքերը չեն նահանջի, ոչ էլ դիրքերը չեն ամրապնդվի», - վրդովվում են համայնքի բնակիչները։
Գյուղացիները նշում են, որ հակառակորդն իրենց անասուններն է գողանում, իսկ սահմանին մոտ լինելու պատճառով խոտի մեծ մասը չի հավաքվել դաշտերից:
Մինչդեռ ոստիկանները փորձել են բերման ենթարկել նրանցից մեկին, ինչի հետեւանքով ցուցարարների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել։
Տեղում էր նաև Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, ով հայտարարեց, որ մարդիկ մի քանի օրվա ընթացքում պահանջում են հարցի լուծում։
Այնուհետև համայնքի բնակիչները համաձայնել են մեկ օրով բացել Սոթք – Վարդենիս ավտոճանապարհը։
Հակոբ Ավետյանը վստահեցրեց, որ եթե մինչև վաղն իրենց կառավարությունից որևէ բան չասեն, ապա մի քանի ճանապարհ կփակեն:
Րոպեներ առաջ հայտնի էր դարձել, որ գյուղապետ Հակոբ Ավետյանը, ինչպես նաև աշխատակազմի այլ ներկայացուցիչներ հրավիրվել են Ոստիկանության Վարդենիսի բաժին։ Վերջիններս, ինչպես պնդում է ոստիկանությունը, գտնվում են բաժանմունքում՝ ընթացիկ իրավիճակը քննարկելու եւ դրա լուծման ուղիներ գտնելու համար: