Փորձագետները գնահատել են ՀՀ-ՌԴ միասվորված ՀՕՊ համակարգը
Հայաստանը վավերացրեց Ռուսաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը։ Այն պետք է երաշխավորի, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի նոր սրացման դեպքում հակամարտությունը կընթանա առանց որևէ կողմի ռազմական ավիացիայի կիրառման։ Սակայն միավորված ՀՕՊ-ն ունի մեկ էական թերություն. ոչ ոք չգիտի, թե ով կղեկավարի այն։
«Այդ համաձայնագրի շրջանակում մենք կարող ենք տարածաշրջանային հակաօդային խնդիրն իրագործելիս կիրառել, օրինակ, չորրորդ սերնդի ռուսական բազմաֆունկցիոնալ կործանիչները, С-300 համակարգերն ու հակահրթիռային հնարավորությունները»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ կարող են օգտագործել նաև լայն ռադիոտեղորոշիչ հնարավորություններ ավիահետախուզության շրջանակում։
Կովկասյան տարածաշրջանում միավորված տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի կողմից 2015 թվականի դեկտեմբերին։ Փաստաթուղթը նախատեսված է 5 տարվա համար՝ ևս նույնքան ժամկետով երկարացման հնարավորությամբ։ Վերջին մի քանի տարիներին տեղի է ունենում պաշտպանության ոլորտում երկու երկրների ինտենսիվ մերձեցում։ 2015 թվականի հունիսին ստորագրվեց համաձայնագիր, որի համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է 200 մլն դոլարի վարկ՝ ռուսական սպառազինության գնման համար։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2016 թվականի փետրվարի 10-ից։ Վարկը տրամադրվել է 2003 և 2013թթ. թվագրվող ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրերի իրագործման նպատակներով։
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ընդգծել է, որ այդ համաձայնագիրը թույլ կտա կատարելագործել կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգը։ Նրա խոսքով՝ միավորված ՀՕՊ-ի գործողությունները կհամակարգվեն Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի հրամանատարության կողմից, իսկ ընդհանուր կառավարումը՝ ռուսական Հարավային ռազմական օկրուգի ղեկավարության կողմից։ Փաստը, որ Ռուսաստանն ու Հայաստանը նույնիսկ միասնական սահման չունեն, պաշտոնյային ամենևին չի շփոթեցնում՝ նշում է պարբերականը։ Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ Նազարյանն ընդգծել է, որ այդ համաձայնագրով որևէ սահմանափակում չի մտցվելու հայկական ՀՕՊ համակարգի զարգացման ու գործողությունների համար։
Ինչպես պարբերականի հետ զրույցում ասել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը՝ Բաքուն մտավախություն ունի, որ Հայաստանը կփորձի «խաբել ռուսական հրամանատարությանը» և մղել նրան՝ խոցելու Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները։ Ընդ որում, փորձագետը միևնույն ժամանակ հավելել է, որԱդրբեջանի ռազմական ինքնաթիռները Հայաստանի օդային տարածքում անելիք չունեն։
ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ հայ-ռուսական ՀՕՊ համաձայնագրի վավերացումը կցեմենտի հակամարտության գոտում ուժերի ներկայիս հաշվեկշիռը։ Նրա խոսքով՝ դա որոշակի երաշխիք է տվել առ այն, որ ԼՂ-ում հակամարտության էսկալացիայի դեպքում կողմերից ոչ մեկը մարտական ավիացիա չի կիրառի։ Վլադիմիր Եվսեևը, սակայն, կասկածում է, թե տարածաշրջանում անվտանգության ներկայիս համակարգը կնպաստի Ղարաբաղյան հակամարտության արդյունավետ լուծմանը։
«Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը ռազմական ոլորտում ինքնին դրական գործոն է։ Սակայն ՀՕՊ միացյալ համակարգի մասին պայմանագիրը ոչինչ չի տա։ Այն բեկումնային չէ»,- ասել է փորձագետը։ Նրա խոսքով՝ պայմանագրի թույլ կողմը չափազանց մշուշոտ հասկացությունն է, թե ով կտա հրամաններն արտակարգ իրավիճակում։ «Պատկերացրեք՝ Հայաստանի օդային տարածք են ներխուժում օտար ռազմական ուղղաթիռներ ու այնտեղ մնում մի քանի րոպե, որից հետո հեռանում են։ Այդ ժամանակ Մոսկվան ու Երևանը պարզապես ի վիճակի չեն համաձայնեցնելու ռազմական պատասխանը։ Եթե հրթիռը թռչի, այն արդեն հետ չես բերի, և ավելորդ ռազմական սադրանքների համար պատասխանատվություն ստանձնելը չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հայաստանի շահերից»,- ասել է փորձագետը։