Ջրի խնդիր Մեղրիում. Նռնաձորի բնակիչների այգիները շարունակում են չորանալ
Նռնաձորի բնակիչների և ջուր օգտագործողների միության աշխատակիցների գործադրած ջանքերն անօգուտ են եղել, քանի որ ջուր մատակարարող պոմպերը աշխատեցնել չի հաջողվել։
Ինչպես հայտնում են Մեղրիի զարգացման հիմնադրամից, Նռնաձորի բնակիչների այգիները շարունակում են չորանալ:
«Ցավոք, այստեղի բնակիչների եկամտի հիմնական, իսկ ոմանց համար էլ միակ աղբյուրն այդ այգիներն են: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ բարձրաձայնել այս օրհասկան խնդրի մասին՝ ակնկալելով, որ պատկան մարմինները հնարավոր սեղմ ժամկետներում կառաջարկեն խնդրի լուծման նոր տարբերակներ: Ջուրը կյանք է …»,- նշված է հաղորդագրությունում:
Ռադիոլուրից նշում են, որ ադրբեջանցիներն արդեն մի քանի տարի է՝ փոխել են Զվարագետ վտակի սարերից սնուցվող հունը դեպի Նախիջեւան, եւ այն այլեւս չի միախառնվում Մեղրի գետին, որի պատճառով օգոստոսից Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, ինչպես նաեւ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում ոռոգման ջրի հասանելիության առնչությամբ: