3.10.2024
Ալիև. Հարկավոր է դուրս բերել հայկական զորքերը
prev Նախորդ նորություն

Զոհրաբյան. ԴԱԻՇ-ի հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից

Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որում հիշատակում է ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանցիների վայրագությունների մասին: Ելույթի տեքստում մասնավորապես ասված է:

«Կրկին պիտի խոսեմ ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին, որն աննախադեպ էր ծանր ռազմատեխնիկայի օգտագործման իր ծավալով և ադրբեջանական զինուժի կատարած վայրագություններով։ Մի քանի օրում Ադրբեջանը հերթական անգամ թքեց իր իսկ վավերացրած բոլոր միջազգային պայմանագրերի վրա՝ Մարդու իրավունքների հռչակագրի, բռնությունների և մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երեխաների իրավունքի, ժնևյան և բոլոր հնարավոր կոնվենցիաների վրա։

Ընդամենը մեկ փաստ հարյուրավորներից՝ Բաքվի համալսարանի կայքում տեղադրված` Ղարաբաղի պաշտպանության բանակի գլխատված զինվորի նկարը րոպեների ընթացքում հավաքել էր հազարավոր լայքեր։ Իսկ զինվորին գլխատած երկոտանի ադրբեջանցի կենդանին, ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովը, հռչակվել է Ադրբեջանի հերոս՝ Ալիևի կողմից արժանանալով զինվորական պարգևի։ Երբ տեսնում ես այս ամենը, համոզվում ես, որ ԴԱԻՇ-ի հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից՝ ինչպես գլխատել, մորթել, անարգել զոհվածների դիերը։

Հարգելի գործընկերներ, ձեզանից ոմանց, այդ թվում՝ մարդու իրավունքների հանձնակատարին, ես և իմ գործընկերները ներկայացրել ենք գլխատված, խոշտանգված և անարգված զինվորների դիերի նկարները։ Ձեզանից շատերը չկարողացան անգամ նայել այդ նկարներին։ Բայց հույս ունեմ գոնե հասկացաք, թե ի՞նչ արժե Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Այո, պատրաստ է, սպանելով երեխաների ու ծերերի, գլխատելով ու խոշտանգելով զինվորների և խաղաղ բնակիչների։ Եվ միանգամայն օրինաչափ է, որ Եվրոպայի խորհրդի՝ «Ըննդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության» հանձնաժողովի օրերս հրապարակած զեկույցը լուրջ մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայերի հանդեպ ատելություն են քարոզում։ Զեկույցը նշում է, որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ դաստիարակվել է հայերի հանդեպ ատելությամբ, իսկ ադրբեջանցի այն եզակի գործիչները, ովքեր հանդես են գալիս հաշտեցման օգտին, նրանց բանտ են նետում՝ տարբեր շինծու մեղադրանքներով։ Որպես օրինակ է բերվում մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը, ինչը, ըստ զեկույցի, հայերի հանդեպ ազգային ատելության հողի վրա նոր հանցագործությունների հիմք դարձավ։

Տարիներ շարունակ այս ամբիոնից ես խոսել եմ ադրբեջանական դասագրքերում քարոզվող վայրագ հակահայության մասին, ներկայացրել եմ ադրբեջանուհի Մայրամ Գյունեշլիի նամակները, ով ասում էր, որ ինքը, կարդալով ադրբեջանական դասագրքերը, սարսափում է իր զավակի ապագայի համար, ով չի կարող նման ատելության մթնոլորտում առողջ մարդ մեծանալ։

Եվ վերջապես «Ըննդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովը անդրադառնում է լրջագույն այս խնդրին, հաստատելով, որ Ադրբեջանը սաֆարովատիպ զոմբիներ է բուծում։ Այս ամենի մասին պետք է խոսվեր վաղուց, երբ Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարում էր, թե Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պիտի լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, իսկ 13 ամյա ադրբեջանուհին հպարտ ասում էր, թե ինքը դիպուկահար է դառնալու՝ հայ երեխաներին սպանելու համար։

Ահա այսպես՝ հարգելի գործընկերներ։ Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ հիմա այլևս հնարավոր է ինչ-որ բան շտկել։ Ադրբեջանը վաղուց արդեն ահաբեկչական պետություն է՝ այդօրինակ պետության բոլոր կանոններով»։

Հիշեցնենք, ավելի վաղ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը կոչ էր արել Վեհաժողովին Ադրբեջանին զրկել ԵԽԽՎ անդամակցությունից:
Սերժ Սարգսյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում