24.11.2024
Հայաստանը 1,5 մլն դոլարի զենք է վաճառել Կոնգոյին
prev Նախորդ նորություն

Ամենամեծ սխալը կլինի փորձել Ռուսաստանին դարձնել մեզ թշնամի. Փոխարտգործնախարար

Անվտանգության և պաշտպանության հարցերում մենք մեր հույսը առաջին հերթին պետք է դնենք մեզ վրա: Բայց համագործակցությունը տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ նպաստում է, որ հնարավոր սպառնալիքը հնարավորինս չեզոքանա: Եվ սպասել, որ Ռուսաստանը կգա, մեր փոխարեն մեր անվտանգության խնդիրները կլուծի, կոպիտ սխալ է, դրանից հետո կարող է հիասթափություն լինել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը, թե Ռուսաստանը խորացնելու է ռազմաքաղաքական համագործակցությունը Ադրբեջանի հետ:

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանն այդ բոլոր հայտարարություններին պետք է հետևի, ընդունի ի գիտություն:

Քոչարյանն ընդգծեց՝ ամեն երկիր ելնում է իր շահերից, և եթե երկու պետությունների շահերը համընկնում են, ապա այդտեղ առկա է լիարժեք համագործակցություն: Հայաստանի և Ռուսաստանի շահերն այսօր համընկնո՞ւմ են.

«Մենք մեր շահերը լավ գիտենք, Ռուսաստանն էլ՝ իր շահերը, և պետք է միշտ հստակ գիտակցենք, թե որտեղ է այն եզրը, որտեղ կար շահերի համընկնում: Մյուս կողմից` շատ կոպիտ սխալ կլիներ, երբ այն մարդիկ, ովքեր ավելի մեծ սպասելիքներ ունեին Ռուսաստանից, հիմա մտնեն այլ ծայրահեղության մեջ և փորձեն Ռուսաստանին դարձնել մեզ թշնամի. դա ամենամեծ սխալը կլինի »,- հավելեց Քոչարյանը: