23.11.2024
Տուսկ. ՌԴ-ի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները կերկարաձգվեն
prev Նախորդ նորություն

ԱՄՆ. դոլարն առաջիկայում կշարունակի թուլանալ

Ինչպես կանխատեսվում էր, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) երեկ ուշ երեկոյան կայացած նիստում որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այն ներկայումս կազմում է տարեկան 0.25-0.50 տոկոս:Իր որոշմամաբ՝ Դաշնային պահուստային համակարգը նոր հարված է հասցրել ամերիկյան դոլարի դիրքերին՝ թույլ չտալով, որ այն ամրապնդվի, հայտնում է armtimes.com-ը:

Դեռ մայիսին շատ հավանական համարվող բարձրացումը տեղի չի ունեցել ամերիկյան տնտեսության վիճակի վերաբերյալ թույլ վիճակագրական տվյալների պատճառով: Այս տարվա ապրիլին արձանագրվել է նոր աշխատատեղերի ստեղծման ամենացածր ցուցանիշը 2010 թվականից ի վեր: Այն նախատեսվածից 8 անգամ ցածր է եղել:

Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը հատկապես մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի աշխատանքի շուկայի շուրջ: Բացի այդ, մտահոգություններ են հնչել հունիսի 23-ին կայանալիք հանրաքվեի արդյունքներով Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով սպասվող բացասական հետեւանքների կապակցությամբ: Այս ամենը նկատի առնելով՝ Յելենը ակնարկել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրությույքը դեռ որոշ ժամանակ չի բարձրացվի, իսկ հետագա բարձրացման չափը կախված կլինի ամերիկյան տնտեսության վերաբերյալ հետագա վիճակագրական տվյալներից:

2004 թվականից սկսած ԴՊՀ-ն աստիճանաբար նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրոյքը՝ 2008 թվականին հասցնելով 0-0.25 տոկոսի: Դրանից հետո վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկարատեւ շահարկումներից հետո բարձրացվել է 2015 թվականի դեկտեմբերին՝ հանգեցնելով այլ արժույթների կտրուկ արժեզրկման: Դեռ դեկտեմբերին ԴՊՀ-ն հայտարարել էր, որ մտադիր է 2016 թվականի ընթացքում 4 անգամ բարձրացնել վերաֆինասավորման տոկոսադրույթը: Ընդ որում, առաջինը սպասվում էր մարտին: Սակայն, ինչպես տեսնում ենք, մինչ օրս վերաֆինանսավորումը չի բարձրացվել:

Ենթադրվում է, որ 4 բարձրացման փոխարեն ԴՊՀ-ն կբավարարվի ընդամենը 1 բարձրացմամբ, որն էլ, ըստ ամենայնի, տեղի կունենա դեկտեմբերին: Այդպիսով, ամերիկյան դոլարն առաջիկայում կշարունակի թուլանալ կամ առնվազն դրա ամրապնդում չի լինի: ԴՊՀ-ում քանիցս ակնարկել են, որ դոլարի հետագա ամրապնդումը ԱՄՆ-ին ձեռնտու չէ, քանի որ այն կվնասի տնտեսական աճին եւ բացի այդ, ավելի կծանրացնի ԱՄՆ-ի պարտքի սպասարկման բեռը:Առանց այդ էլ 19.2 միլիարդ դոլարի շեմն անցած արտաքին պարտքը սպասարկելու համար ԱՄՆ-ն տարեկան մոտ 250 միլիարդ դոլար է ծախսում: