Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳՆ ղեկավարությանը
Հուլիսի 1-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում ունեցավ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում հայաստանի դեսպանությունից:
«Նախ դեսպան Վ․ Կարապետյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարին։ Արարողակարգային շփումից հետո տեղի ունեցավ հանգամանալից քննարկում հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին վերաբերող համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Կողմերն արտահայտեցին իրենց հաստատակամությունը կազմակերպելու հնարավորինս արդյունավետ համագործակցություն՝ արդի օրակարգի պայմաններում երկու երկրների հարաբերությունների խորացման ուղղությամբ։
Ապա տեղի ունեցավ դեսպան Վ․Կարապետյանի հանդիպումը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Ողջունելով նորանշանակ դեսպանին, նախարարը պատրաստակամություն հայտնեց նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում։ Նախարարը շնորհավորեց խորհրդարանական ընտրություններին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները»,-ասված է հաղորդագրության մեջ։