Բաքուն ապացույցներ է հավաքել և փորձաքննություն անցկացրել ռուսական Մի-24-ի խոցման գործով
Ադրբեջանը ապացույցներ է հավաքել և փորձաքննություն է անցկացրել Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ ռուսական Մի-24-ի խոցման գործով, աղետի գործով հետաքննությունը շարունակվում է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Գյունայ Սալիմզադեն։
«2020 թվականի նոյեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ռազմական ՄԻ-24 ուղղաթիռի խոցման հետ կապված Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անհապաղ ստուգումից հետո։ Կատարվել են համապատասխան փորձաքննություններ եւ հավաքվել են նյութական ապացույցներ, ինչպես նաեւ իրականացվել են անհրաժեշտ այլ դատավարական գործողություններ», - հայտարարել է մամուլի ծառայության ղեկավարը։
Սալիմզադեն նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը կապահովի ռուսական ուղղաթիռի կործանման գործով օրինական որոշման ընդունումը:
«Ներկայումս հետաքննությունը շարունակվում է եւ կապահովվի օրինական որոշման ընդունումը ՝ փորձաքննությունների արդյունքներին համապատասխան», - ընդգծել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ ՌԴ ՊՆ-ն 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտնել էր, որ ռուսական Մի-24-ը խոցվել է ՀՀ օդային տարածքում մարտական գործողությունների գոտուց դուրս: Զոհվել է անձնակազմի երկու անդամ, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով ։ Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ պատահաբար խոցել է ռուսական ուղղաթիռը, ներողություն խնդրել և պատրաստակամություն հայտնել փոխհատուցում վճարել Ռուսաստանին: