Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը ԵՄ «Արեւելյան գործընկերությանը»
Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը ԵՄ «Արևելյան գործընկերության» նախաձեռնությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Բելառուսական գերատեսչությունից նաեւ հայտնել են, որ սկսում են ԵՄ-ի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագրի գործողության կասեցման ընթացակարգի իրականացումը: «Մենք չենք կարող կատարել մեր պարտավորություններն այս համաձայնագրի շրջանակներում ՝ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների եւ սահմանափակումների պայմաններում», - ասված է հայտարարության մեջ, փոխանցում է EADaily-ն:
Ընդ որում, ԱԳՆ-ում խորը ափսոսանքով են արձանագրել, որ «համաձայնագրի գործողության հարկադրված դադարեցումը բացասաբար կանդրադառնա Եվրամիության հետ անօրինական միգրացիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցության վրա»:
Բացի այդ, Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունում նաեւ հայտարարել են, որ «Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ կիրառված աննախադեպ սահմանափակող միջոցառումների կապակցությամբ այսօր արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Դիրկ Շուբելը»:
«Հանդիպման ընթացքում Եվրոպական միության դեսպանին հայտարարվել է բելառուսական կողմի կոշտ դիրքորոշումը՝ ինքնիշխան եւ անկախ պետության վրա ճնշում գործադրելու գործիք պատժամիջոցների կիրառման բացարձակ անընդունելիության մասին։ Դիվանագետին տեղեկություններ են հաղորդվել կոնկրետ քայլերի մասին՝ Բելառուսի ազգային անվտանգությանը սպառնացող եւ նրա տնտեսությանն ու քաղաքացիներին ուղղակի վնաս հասցնող գործողություններին հարկադրաբար արձագանքելու շրջանակներում», - ընդգծել են ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ Եվրամիության խորհուրդը հունիսի 24-ին պաշտոնապես որոշում է ընդունել Բելառուսի նկատմամբ ոլորտային պատժամիջոցներ սահմանելու մասին: Պատժամիջոցները վերաբերում են նաեւ կալիումային պարարտանյութերի, նավթամթերքների, ծխախոտային արտադրանքի առեւտրին, արգելք է սահմանվում Բելառուսի կառավարության եւ պետական բանկերի մուտքը Եվրոպայի ֆինանսական շուկա: Ի պատասխան պաշտոնական Մինսկը խոստացել է համարժեք միջոցներ ձեռնարկել։